211652_close_icon
views-count92617 դիտում article-date 19:45 04-11-2022

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 2101-ը, կա 3 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մահացածների դիերը մոտեցրել են դիատարներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։ 

Դեպքի վայր են ժամանել  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Կարապետյանի, Վարդենիսի քննչական բաժնի պետ Մամիկոն Թորոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուրեն Ամիրխանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնցից մեկի գազաբալոնը շպրտվել է, տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր