211652_close_icon
views-count1041 դիտում article-date 23:20 20-10-2022

«Երևանյան հեռանկարներ» փառատոնին Հայաստանում ելույթ կունենան դիրիժոր Շառլ Դյութուան և դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան հանրահայտ դիրիժոր Շառլ Դյութուան և դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին, որոնց համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  

Երեկոյին կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

Վիրտուոզ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ,   ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Լուգանսկին արվեստագետ է, որին «Գրամոֆոն» ամսագիրը  բնորոշել է որպես փայլուն նորարար երաժիշտ:

Լուգանսկու կատարողական արվեստը հագեցած է զգացմունքայնությամբ և նրբագեղությամբ, նա համարվում է ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ: Ամենաբծախնդիր երաժշտական քննադատները  հատկապես բարձր են գնահատում Լուգանսկու՝ Պրոկոֆևի, Շոպենի, Դեբյուսիի և Ռախմանինովի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությունները, որոնց ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա  Նոզեդան, Ստեֆան Դենևը, Վլադիմիր Յուրովսկին և այլք: Ելույթներ է ունեցել ամենահեղինակավոր բեմահարթակներում:

Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է: 2014-ին նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award  հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը:

Քսանամյա Շառլ  Դյութուային նկատում է Հերբերտ ֆոն Կարայանը  և հրավիրում ղեկավարելու Վիեննայի պետական օպերային թատրոնը: Այնուհետև, որպես հրավիրյալ դիրիժոր, նա ղեկավարել է  Լոնդոնի Քովենք գարդեն թագավորական թատրոնը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն և այլ օպերային թատրոնները, եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ներկայումս Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորն է:

Նմանատիպ նյութեր