211652_close_icon
views-count1656 դիտում article-date 22:53 19-10-2022

ՀՊՄՀ գիտխորհրդի նիստում քննարկվել է 3 բուհերի միավորման հարցը, մասնակցել են ԿԳՄՍ փոխնախարարներ Անդրեասյանը և Թռչունյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) կայացել է բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը։

Ինչպես տեղեկացրին ՀՊՄՀ-ից, օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։ «Վերջինս նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։ Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղվածություններով բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։ Փոխնախարարը լիազոր մարմնի անունից վերահաստատեց՝ մանկավարժությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և շատ կարևոր է այդ ոլորտում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ բուհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Անթույլատրելի եմ համարում 100-ամյա բուհի, ուսուցիչներ կրթող հաստատության, հանրակրթության ոլորտները սպասարկող համալսարանի հասցեին հնչող նման որակումներն ու գնահատականները»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ,  ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու իր մտահոգությունն արտահայտել միավորման հարցի շուրջ ձևավորված հանրային  կարծիքի վերաբերյալ և ավելի առողջ ու կառուցողական դաշտում մասնագիտական քննարկումները շարունակելու համար կոչ արել հրապարակային վիրավորանքներ հնչեցրած անձնանց հրապարակային ներողություն խնդրել։ 

Նաև տեղեկացրել է․ «Բուհական փոփոխություններին զուգընթաց՝ նախատեսվում է նաև  ֆինանսավորման ձևաչափի փոփոխություն, ընդուպ՝ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում։ Մենք պետք է հետևողական լինենք պատկերացնելու՝ ինչ է նշանակում այս փոփոխությունն ամբողջականության մեջ»։

Նշվում է, որ գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղել են բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ Դրանք հիմնականում վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը  և դրանցից բխող մի շարք հարցեր։

«Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգություններ, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։ Կարեն Թռչունյանը շնորհակալություն հայտնեց, որ ակադեմիական միջավայրում հնարավոր եղավ ունենալ առողջ երկխոսություն՝ սուր հարցերով, կարևոր հարցադրումներով և առաջարկներով․ դրանք  գուցե ձևավորեն նոր մոտեցումներ։ Եղան նաև ելույթներ, որոնց ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մանկավարժական բուհի դերը, ուսուցչի մասնագիտության ռազմավարական նշանակությունը երկրի, ապագա քաղաքացու դաստիարակման գործում»,- հայտնում են ՀՊՄՀ-ից։

Ըստ աղբյուրի՝ գիտական խորհրդում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ բուհը պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ բուհերի միավորման գործընթացին՝ ի շահ մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման։

Նմանատիպ նյութեր