211652_close_icon
views-count1287 դիտում article-date 14:30 11-10-2022

Նախորդ տարվա համեմատ 2022–ին հարկային եկամուտներն ավելացել են 77 միլիարդ դրամով

2022 թվականի ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ, ինչը 77 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Սա պատմական ռեկորդ է։ Հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։ Քանի տարին չի ավարտվել, վերջնական վերլուծություն կատարել չենք կարող, բայց Ֆինանսների նախարարության վերջին գնահատականով՝ ունենալու ենք 11% ֆինանսական աճ եւ 8% գնաճ։ Մենք այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ավելացված արժեքի հարկից ռեկորդային թվով վերադարձ ենք կատարել քաղաքացիներին՝ 172 մլրդ դրամ»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ գնահատելու համար, թե վերջին ամիսներին Հայաստանում գրանցված տուրիստական հոսքերը որքանով է զարգացրել տնտեսությունը, հիմնականում ուսումնասիրվում է կացության եւ հանրային սննդի ոլորտները, քանի որ այստեղ աճը պայմանավորված կարող է լինել ներհոսքով։

«Նշված ոլորտներում այս տարի ունեցել ենք 75 մլրդ դրամով ավելի շրջանառությունը։ Որքանն է կապված զբոսաշրջության հետ՝ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ մեծ մասն այդ հոսքի հետ է կապված։ Սա, բնականաբար, դրական է, եւ պետք չէ թերագնահատել այդ մուտքերը, բայց պետք էլ չէ գերագնահատել այդ սեգմենտը, որովհետեւ ամբողջ եկամուտների մեջ մոտ 2% է այն կազմում։ Կա նաեւ գրանացված աշխատատեղերի աճ, կարող ենք խոսել նաեւ մասնագիտական աճի մասին, որովհետեւ առնվազն առաջին ներհոսքի ժամանակ բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեին, ՏՏ ոլորտն էին ներկայացնում տնտեսության համար թե ուղղակի թե անուղղակի առումով դրական ազդեցություն է ունեցել»,- ասաց Բադասյանը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս տարի Հայաստանում բացվել է 663 հազար աշխատատեղ, ինչը նախորդ տարվանից ավելի է 6 %-ով, այսինքն՝ Հայաստանում 30 հազարով ավելի աշխատատեղ կա՛մ ստեղծվել է, կա՛մ ստվերից դուրս եկել։ Նախորդ տարվա համեմատ ոչ միայն ՀԴՄ-ները, այլ նաեւ հաշվարկային փաստաթղթերի ծավալն աճել է 1․4 տրիլիոնով։ Միայն ՀԴՄ-ների առումով կա 250 մլրդ աճ։

Բադասյանը հավելեց, որ մաքսային գործառնությունների վերանայման արդյունքում հանվել են փաստաթղթային մի շարք ոչ ֆորմալ գործընթացներ։ 24/7 ռեժիմով սահմանին ներմուծվող ապրանքների բացթողումն իրականացվում է ժամանումից հետո՝  միջինում 15 րոպեից մինչեւ 3 ժամում։ Երեւանում նոյեմբերի 1-ից մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած եւ ընտրված մասնակիցներն աշխատանքի կանցնեն բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում։ Քննական փուլը հաղթահարել է 160 մասնակից։

Նմանատիպ նյութեր