211652_close_icon
views-count469 դիտում article-date 21:23 17-11-2026

Տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման արդյունավետությունը քննարկող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

ՏԿԵ նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպման մասին հայտարարություն է տարածել։

«Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ ՀՀ վարչապետի թիվ 1022-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի նպատակն էր քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, եռամսյա ժամկետում գտնել դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը:

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։

Ռուսական կողմը ներկայացրեց երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր