211652_close_icon
views-count50405 դիտում article-date 12:00 22-09-2022

Արտառոց դեպք՝ Երևանում. 25-ամյա տղան ծնողների ննջասենյակից խոշոր չափի գումար գողանալուց հետո ահազանգել է ոստիկանություն, թե մորուքով մարդը մտել է իրենց տուն ու ավազակային հարձակմամբ գողացել գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի 25-ամյա բնակիչ Արթուր Ռ-ից, ով հայտնել է, որ մորուքով անհայտ անձը մտել է իրենց տուն, դանակ «քաշել» իր վրա, ապա պահանջել գումար, որից հետո վախեցնելով իրեն՝ հափշտակել է տանը եղած 2000 ԱՄն դոլար գումարն ու դիմել փախուստի՝ վնասելով նաև իր ձեռքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում. այն բեմականացված է եղել, ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել։

Արդեն փաստերի ճնշման տակ Արթուր Ռ-ն խոստովանել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում իր ծնողների ննջասենյակից պարբերաբար վերցրել է այնտեղ եղած ընդհանուր՝ 1600 ԱՄՆ դոլարն ու վախենալով, որ այդ մասին ուշ, թե շուտ, ծնողները կիմանան, նա ահազանգել է ոստիկանություն և կատարել սուտ մատնություն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան 
քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր