211652_close_icon
views-count1534 դիտում article-date 11:47 08-08-2026

Երևանում թալանել են Հայաստանում բնակության վերադարձած քաղաքացու տունը․ հափշտակել են 165 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար

Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում Անգելինա Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անգելինա Ա.-ի բնակարանից հափշտակել են մոտ 165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և 10 հազար ԱՄՆ դոլար։

Մինչև այժմ ոստիկանությունը հստակ պատասխան չի տալիս տուժողին, թե ինչն է պատճառը, որ հարևանությամբ տեղադրված տեսախցիկների միջոցով չեն կարողանում պարզել՝ մեկ թե մի քանի հոգի են գողության նպատակով մտել քաղաքացու տուն, և տեսախցիկների միջոցով չեն պարզել ստահակի կամ ստահակների շարժը։ Իսկ տուժածը մի քանի անգամ հայտնել էր իրավապահներին, որ տարածքում և հարակից վայրերում կան տեսախցիկներ, ինչի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է կարևոր հանգամանքներ ի հայտ գան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր