211652_close_icon
views-count4591 դիտում article-date 10:25 07-08-2026

Առեղծվածային մահվան դեպք՝ Շիրակի մարզի գյուղերից մեկում․ ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի գերեզմաններում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ապա դեպքի վայր ժամանած հանրապետական շտապօգնության Գյումրու ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Քրեական ոստիկանները գերեզմանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի դին, իսկ կողքին՝ հրազեն։

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերվել է մահացածի ծնողներից շիրիմների մոտ, ինչպես նաև նամակ, որում մասնավորապես գրված է․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք, զանգեք ոստիկանություն 02 համարին»։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր