211652_close_icon
views-count3103 դիտում article-date 15:37 06-08-2026

Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադիրներից գլխավոր տնօրենի ազգականը փակագծեր է բացում. նրանք ժամանակին ստացել են սպառնալիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ArmLur.am-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, որը «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից մեկն է, մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվում իրենց բիզնեսի շուրջ։

Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում կոնկրետ տալիս է անուններ, թե ինչ իրավիճակի են կոնկրետ անձինք հասցրել իրենց։

Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշում է «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ՔՊ-ի սրտի գործարար Նարեկ Նալբանդյանի անունները ու հայտարարում․ «Կանգնեցրեք նրանց, 7 ամիս է՝ դժոխքի մեջ ենք, շանտաժով բիզնես են խլում»։

Վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ, թե ինչեր են անում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ արձագանքել է իմ նամակին։ Մանրամասները՝ հեռախոսազրույցում։

Այս պատմության առնչությամբ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ։ Վերջինս, ի պատասխան մեր հարցումների, նշել է, որ ներկայացված պնդումները «զավեշտ են»։Փորձեցինք կապ հաստատել նաև «Սպայկա» ընկերության սեփականատերերից Դավիթ Ղազարյանի հետ։

Սակայն մեր բոլոր փորձերը՝ նրա հետ կապ հաստատելու և մեկնաբանություն ստանալու ուղղությամբ, առայժմ արդյունք չեն տվել։

ArmLur.am-ը պատրաստ է հրապարակել նաև Դավիթ Ղազարյանի և մյուս կողմերի դիրքորոշումը՝ այն ստանալուն պես։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 5-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1/23 հասցեում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե էին ժամանել Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել էին  ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից էր և  գլխավոր տնօրենն էր։

Տեղի ունեցածը սպանություն էր, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք, քննչական բաժինը պարզում էր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.

«Մահացածը երկար տարիներ առաջ իր ընկերների հետ հիմնադրել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցը, որը հանրապետության գրեթե բոլոր մարզերում մոտ 16 մասնաճյուղ ուներ, ու էդ մարդիկ առավոտից իրիկուն իրենց քրտինքով ստեղծում էին բարիք, աշխատատեղեր էին բացել։ Բայց հետո ինչ-որ մարդիկ սկսեցին էս մարդկանց բիզնեսը խլելու գործընթաց։ 

Էսօր տեսանք, որ ահագին ոստիկաններ ու պարեկներ եկան էստեղ, որից հետո իմացանք, որ նման դեպք է եղել։ Բայց չենք հավատում, էդ մարդն իր ընտանիքը սիրող, մարդու արժեքը գնահատող մարդ էր։ Էլի ենք պնդում՝ չենք հավատում, որ իբրև թե ինքնասպանություն է եղել։ Ոչ մի ինքնասպանություն։ Թող իրավապահները օբյեկտիվ քննություն անեն ու իրականությունը հանեն ջրի երես։ Կյանքը սիրող, բարիք ստեղծող մարդը նման քայլի չէր դիմի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր