211652_close_icon
views-count2158 դիտում article-date 19:34 19-09-2022

Տեղի է ունեցել Գուրգեն Յանիկյանի «Բանտարկյալի ձայնը» գրքի շնորհանդեսը

«Բանտարկյալի ձայնը» գիրքը հայոց նորագույն պատմության ընթացքի վրա նշանակալի ազդեցություն գործած բացառիկ հայի՝ ՀԱՀԳԲ-ի (ASALA) հոգեւոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի բանտային հուշագրությունն է։ Այն կազմել եւ խմբագրել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը՝ օգտվելով Լիբանանի «Սփյուռք» պարբերականի արխիվում առկա նյութերից, որոնք Յանիկյանը գրել է ընդհատումներով եւ ավարտել 1979 թվականին։

Սուր գնահականներով եւ աղմկահարույց բացահայտումներով հագեցած իր շարադրանքն առանձին գրքով հրատարակելու հեղինակի ցանկությունը չի իրականացել։ «Նոր կյանք» թերթի խմբագիր Հրանտ Սիմոնյանին ի պահ տրված հուշերի մի տարբերակը սփյուռքի հայկական կառույցների տարբեր մտավախությունների եւ ստեղծած խոչընդոտների հետեւանքով առաջին անգամ ընթերցողին է հասել միայն 20 տարի անց։ Այդ տարբերակը 2000 թվականին հատվածաբար հրապարակվել է «Լույս» շաբաթաթերթում (Լոս Անջելես), իսկ մեկ տարի անց պարբերականի խմբագիր Ստեփան Քիրեմջյանը հրատարակել է առանձին՝ «Իր եւ ուրիշների մասին» վերնագրված գրքով։ Գուրգեն Յանիկյանի հուշագրության ներկա հրատարակությունը՝ «Բանտարկյալի ձայնը» ունի զգալի նույնություններ նախորդ գրքի հետ, բայց այն առավել համապարփակ է ու լրացված հեղինակի շարադրած եւս 28 էջերով։

Դրանցում նույնպես ցնցող բացահայտումներ կան։ «Շիտակ, անվախ մարդու գիր է Գուրգեն Յանիկյանի հուշագրությունը, որին ինքը երկու անվանում է տվել՝ «Ճշմարտության համար» եւ «Բանտարկյալիս ձայնը»։ Ընտրել ենք երկրորդը՝ առանց «ս» դիմորոշ հոդի եւ ներկայացրել այնպես, ինչպես հասել է մեզ։ Ընթերցումը դյուրացնելու նպատակով կատարել ենք բովանդակությամբ ու ժամանակագրությամբ իրարից տարբեր սյուժեների բաժանումներ՝ առանց հեղինակային հերթականությունը խախտելու։

Փորձել ենք հնարավորինս հարազատ մնալ հեղինակի լեզվամտածողությանը»,- մանրամասնեց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։ Գիրքը հրատարակվել է «Ոսկան Երեւանցի» տպագրատանը, վաճառվում է «Բուկինիստ» գրախանութների ցանցում, որի տնօրեն Խաչիկ Վարդանյանն իր խոսքում ընդգծեց գրքի արդիականությունն ու պահանջվածությունը՝ նշելով նաեւ Կարո Վարդանյանի բարձրակարգ խմբագրական աշխատանքը։

«Բանտարկյալի ձայնը» գրքի հրատարակությունը եւ շնորհանդեսը կազմակերպվել են Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հ/կ նախաձեռնած Յանիկյանական տարի՝ «Նպատակ եւ ճշմարտություն» միջոցառումների շարքում։ «Մեր կազմակերպությունը դեռեւս 1999 թվականին անհրաժեշտ գտավ հրատարակել Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» վերնագրված հուշերի գիրքը։ Եւ այսօր էլ խիստ արդիական են Յանիկյանի հուշերը ոչ միայն նրա հիշատակն ամբողջացնելու, այլեւ նրա գործունեության եւ նրա ուղերձի կարեւորությունն ընդգծելու տեսանկյունից» ,- նշեց «Հայաստանի ժողովրդական շարժում» հ/կ համակարգող Վազգեն Պետրոսյանը։

«Հայաստանի ժողովրդական շարժում» 
հայրենասիրական-հասարակական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր