211652_close_icon
views-count47847 դիտում article-date 15:53 14-09-2022

Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս Գևորգ Խաչատրյան


«Մամ, ես էստեղ եմ, ինձ էստեղ փնտրեք»... ի՞նչ տեսիլք էր ունեցել 19-ամյա հերոս Գևորգ Խաչատրյանի մայրը որդու զոհվելու պահին։

Գևորգ Խաչատրյանը երկու ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ: Գևորգը ունեցել է հնարավորություն՝ Մոսկվայում մնալու և ուսումը շարունակելու, բայց տղային հանգիստ չի տվել հայրենիքին ծառայելու միտքը: Գևորգն ասել է, որ ինքը պիտի իր հայրենիքում ծառայի:

«Ես Գևորգիս հետ կապված երազ տեսա ամսի 7-ին, և դրանից հետո մեջս մի տեսակ վախ կար, բայց վստահ էի, որ իրեն ոչինչ չի կարող լինել: Պատերազմի օրերին ամեն օր զանգել է, ասում էր՝ մամ ջան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, էստեղ կրակոց չկա: Մի անգամ էլ զանգեց, ձայն լսեցի, հարցրեցի՝ Գև ջան, էդ ի՞նչ ձայն էր, ասաց՝ մամ, էստեղ կրակ չկա, մենք հիմա գյուղում ենք ու վառարանի մոտ կանգնած շերտած կարտոֆիլ ենք ուտում: Ես մտածում եմ, որ խաբեց ինձ, որովհետև էդ օրերին, երբ խոսել եմ Գևորգիս հետ, ինքը առաջնագծում է եղել, ես դա իր մարտական ուղին կարդալուց եմ իմացել»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված 19-ամյա հերոսի՝ Գևորգ Խաչատրյանի մայրը՝ Լիլիթ Եգլարյանը:

«Երբ Գևորգս զոհվում է հոկտեմբերի 10-ի գիշերը, լուր չկար, ծանր ապրումներ ունեցա։ Հոկտեմբերի 12-ն էր, ես աշխատանքի էի, ու մեկ էլ տղաս աչքիս առաջ եկավ՝ փեսացուի սև կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով, ասաց՝ մամ, ես էստեղ եմ, ինձ էստեղ փնտրեք։ Ու էդպես 2 անգամ: Ես խառնվեցի, ու սկսեցինք Գևորգին փնտրել: Հոկտեմբերի 14-ին գտանք Գևորգիս։ Տղայիս հոկտեմբերի 12-ին տեղափոխել էին Հերացի: Գևորգիս մոտից մի տղա էր եկել, ասաց, որ օրերով սոված-ծարավ են եղել, շատ դժվարությունների միջով են անցել: Տղան պատմեց, որ ինքնակամ են մեկնել մարտերին, իրենց ասել են, որ դուք նորակոչիկ եք, որ գնաք, հնարավոր է՝ չվերադառնաք: Ասաց՝ մենք գնացել էինք մի տեղ, որտեղից իջեցնում էին մարմիններ: Ես հարցրեցի՝ չէի՞ք վախենում, չգնայիք… ասաց՝ հիմա կարող է ես չգնայի, բայց էն ժամանակ մեզնից մեկը չեղավ, որ հետ կանգներ»,- շարունակում է զոհված զինծառայողի մայրը:

Գևորգ Ռուստամի Խաչատրյանը ծնվել է 2001թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում: Գևորգը հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում: Ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Կ.Ի. Սկրյաբինի անվան պետական ակադեմիան, բիոտեխնոլոգիական ֆակուլտետը: Ընտանիքով տեղափոխվել էին Մոսկվա, բայց Գևորգը չի ցանկացել մշտապես բնակվել Մոսկվայում և վերադարձել է Երևան:

2020թ. հուլիսի 28-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Մարտունի 2-ում: Սեպտեմբերի 27-ից նորակոչիկ Գևորգ Խաչատրյանը որպես հաշվարկի նշանառու, ակտիվ մարտական գործողությունների է մասնակցել Ջրականի, Հադրութի, Վարանդայի պաշտպանության համար մղվող մարտերին:

Հոկտեմբերի 6-10-ը հաշվարկի կրակով կարողացել են թշնամուն պատճառել կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ:

Գևորգ Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին Հադրութի մոտակայքում գտնվող 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից:


Նյութը՝  Գայանե Զարգարյանի

Նմանատիպ նյութեր