211652_close_icon
views-count35236 դիտում article-date 19:58 07-09-2022

Քեզ բացակա չենք դնի. Ջերմուկ քաղաքի Կեչուտ բնակավայրում բացվեց պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Կարեն Աղաբեկյանի և Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակի հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Կեչուտ բնակավայրում տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Աղաբեկյանին նվիրված հուշաքարի բացումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաքարը նվիրված է ոչ միայն հերոս Կարենին, այլ նաև Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներին նահատակված, լեգենդ դարձած Ջերմուկի և Կեչուտի  հերոսների  հիշատակին:

Հուշաքարի  վրայից  սպիտակ սավանը իջեցրեցին հերոսի  եղբայրը՝ Էդմոնդը, և քույրը՝ Սիլվան, որից հետո կենդանի կատարմամբ հանդես եկան Ջերմուկի երիտասարդական կենտրոնի սաները: Իսկ վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարին:

Միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը, Ջերմուկի ոստիկանապետ Արմենակ Արմենակյանը, հերոսների հարազատներ, հերոսածին մայրեր, հյուրեր ոչ միայն Ջերմուկից ու Վայոց Ձորի մարզից, այլ նաև Երևանից:

Ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Բոլորը մեկ բան էին նշում, որ Կարենն ու նրա նման՝ իրենց կյանքը զոհաբերած տղերքին չպետք է բացակա դնել: Ամեն վայրկյան ի լուր աշխարհի պետք է ներկայացնեն այդ հերոս տղաների սխրագործությունները, ովքեր Արցախյան բոլոր պատերազմներին անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը և ի լուր աշխարհի ասելու ենք՝ Կարե՛ն, քեզ բացակա չենք դնի: Տղե՛րք, ձեզ բացակա չենք դնի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ մասնակից Կարեն Արտուշի Աղաբեկյանը ծնվել է 1996թ.-ի սեպտեմբերի 7-ին, Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում: Ունի 1 եղբայր և1 քույր:

Կարենը ընտանիքում երկրորդ տղա երեխան էր։ Իր բնավորությամբ աշխույժ էր, ինչ մտքով անցնում էր, կարողանում էր այնպես անել, որ իր ցանկությունը կատարվի:

Առաջին դասարան գնացել է 2003թ.-ին, սովորել է Ջերմուկի թիվ 3 դպրոցում, իսկ 11-րդ և 12-րդ դասարանները սովորել և ավարտել է թիվ 2 դպրոցում: Կրտսեր օղակում գերազանցիկ էր, ապա հարվածային: Առարկաներից ամենաշատը սիրում էր մաթեմատիկան։ Շատ էր սիրում ամեն անգամ ծաղիկներ ու նվերներ նվիրել մորն ու քրոջը, անկախ նրանից՝ կար առիթ, թե ոչ։

Սիրում էր ամեն ինչը քանդել, հավաքել: 12 տարեկանից օգնել է հայրիկին՝ տրակտորի հետ կապված բոլոր հարցերով: Անգամ, շատ հաճախ հոր փոխարեն ինքն էր գնում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ վերջինս զբաղված էր լինում: Կարելի է ասել՝ հոր աջ ձեռքն էր:

Կարենը եղել է շատ նպատակասլաց. ինչ ուզում կամ ինչին ձգտում էր՝ ամեն գնով հասնում էր: 12 տարեկան հասակում մի քանի ամիս հաճախել է շվիի, որից հետո 2 տարի նաև՝ շախմատի: Այդ տարիքից արդեն հստակ գիտակցում էր հայրենիքի և զինվորի դերը ու միշտ ասում, որ անպայման պետք է ծառայի։

2014թ.-ին, ավարտելով դպրոցն, ընդունվել է ՃԿՊԱ (Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա), առաջին կիսամյակն ավարտելուց հետո, 2015թ-ի. հունվարին զորակոչվել է բանակ՝ Արցախ, Մարտունի 2 զորամաս, եղել է շտապօգնության վարորդ:

Ծառայության մեկնել է ուրախ, քանզի նա ինքն էլ էր ցանկանում Արցախում ծառայել, ընթացքում ծառայում էր նվիրվածությամբ, որի համար շնորհակալագրեր է ստացել: Տեղում նաև անցել է վարորդական դասընթացներ, բարձր գնահատական ստացել և ավելի հմուտ վարորդ դարձել: Երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը, նա 1 տարի 3 ամսվա ծառայող էր: Ծնողներին ոչինչ չի ասել իրավիճակի մասին, պարզապես ասել է, որ զորամասում է ու իբրև, թե մեքենան է փչացած ու սարքում է և, որ ինքը դիրքեր չի գնում: Սակայն իրականում վիրավորներ էր տեղափոխում առաջնագծից, ապա դեղորայք, ծխախոտ ու սնունդ հասցնում առաջնագիծ:

Մարտի թեժ պահերին գիշերները մեքենան վարել է լույսերը անջատած: Տղերքի համար ամեն ինչ անում էր: Շտապօգնության մեքենայով գնում էր տարբեր խանութներ ու վաճառողներին կամ խանութի տերերին ստիպում, որ առաջնագծի տղաների համար սնունդ, ծխախոտ ու հյութ տան, ով դժվարանում էր, ասում էր՝ «Տղերքը ձեր համա’ր են կռվում»: Ու ամեն ինչ առած տանում էր սահման: Իսկ մորն ասում էր՝ «Մամ ջան, հանգիստ եղի, ես ոչ մի տեղ չեմ գնում, ինձ համար մեքենա եմ սարքում»:

Իրականում մեծ պատասխանատվություն էին կրում բոլոր վարորդները, այդ թվում և նա: Մեքենան վարել է դժվար ու անանցանելի ճանապարհներով և փրկել տասնյակ վիրավորների կյանքեր: Ապրիլյան քառօրյա պատերազմը հաղթանակած մեր հերոսը շարունակում էր բարձրանալ ու իջնել դիրքեր: Վերջին անգամ տուն զանգել է ամսի 14-ին և ուրախ տոնով հայրիկին ասել, որ իրեն շնորհավորի: Հայրը տղայի ոգևորությունը չկոտրելու համար սկզբում շնորհավորել է, ապա հարցրել ինչի՞ համար, ի՞նչ է եղել, Կարենը շատ բարձր տրամադրությամբ ասել է՝ նոր ավտո եմ ստացել, շտապօգնության ՈւԱԶ, շատ լավն է:

Ապրիլի 21-ին, ժամը 13:00-14:00-ի սսահմաններում, Կարենն իր մեքենայով դիրքերից իջնելիս է եղել և նրա հետ էին իր ծառայակից ընկերները: Թշնամին հանկարծ կրակ է բացել իրենց ուղղությամբ, ընկերը պատասխանել է այդ կրակին ու մեքենայի արագ ընթացքից նրա կրակված փամփուշտն ինչ-որ բանի է դիպել, փոխել ուղղությունը և կպել մեր անպարտելիին՝ նրան դարձնելով հավերժի ճամփորդ:

Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և Արցախի «Արիություն» մեդալներով:

Փառք ու խոնարհում մեր հերոսին:


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 465+
465+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր