211652_close_icon
views-count57553 դիտում article-date 19:04 27-09-2021

Քեզ բացակա չենք դնի. Բուժական գյուղում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սերյոժա Խաչատրյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար նահատակված Սերյոժա Խաչատրյանի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Արդեն մեկ տարի է, ինչ հերոսի տան երկրորդ հարկի սենյակը, որտեղից Սերյոժան մեկնել էր ծառայության Արցախի Հանրապետության պաշտանության բանակ, գրեթե ամեն օր այցելուներ է ունենում: Գալիս են ոչ միայն գյուղաբնակները, այլ նաև  մարզերից,  մայրաքաղաքից, երբեմն նաև սփյուռքից, ովքեր ծանոթանում են 44-օրյա պատերազմի հերոսի  կյանքին ու գործունեությանը:

Տան միակ որդին էր, ուներ 3 քույր ու հիմա քույրերը, հարազատներն ու ողջ գյուղը մեծ հպարտութամբ են անծանոթներին  հյուրընկալում հերոսի անվան փառքի անկյուն, ովքեր հեռակա լսելով  հերոսի  սխրագործությունների մասին, այցելում են գյուղ:

Այսօր գյուղում բացվեց  ցայտաղբյուր և հուշաքար Սերյոժա  Խաչատրյանի հիշատակին ու այդ վայրը գյուղացիների համար դեռ ստեղծման օրվանից դարձել է սրբատեղի, ոգեկոչման ու պայքարից չնահանջելու վայր:

Հուշակոթողի  բացումը կատարեցին հերոսի քույրերը,  որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին: Մինչ այդ զինվորական կարգին հավատարիմ՝ զինվորները  կրակոցներ արձակեցին օդ:

Գյուղը  ունի բազմաթիվ լեգենդար զավակներ ու այդ զավակներից է նաև  Ս. Խաչատրյանը, ով ծնվել է 2001 թ.-ի հոկտեմբերի 26-ին: Սովորել է տեղի՝ Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպորցում և այն ավարտել 2019թ.-ին:

Դեռ մանուկ հասակում հաճախել է մշակութային մի քանի խմբակներ, այդ թվում՝ պարի:
Այդ ամենին զուգահեռ՝ զբաղվել է  սպորտով, հաճախելով «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևի խմբակ:

Ըներները հիշում են. «Ճիշտ է, սեր չուներ սովորելու հանդեպ, բայց պարտաճանաչ միշտ ներկա էր լինում դասերին: Նրան մենք միշտ հիշում ենք իր կոլորիտային կատակներով ու բարի ժպիտով»:

2020 թ.- հունվարի 17-ին մեկնել է ծառայության, ծառայելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի  Մարտունի 2 զորամասում: Եղել է որպես հրետանու մարտկոցի վարորդ: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է  ամենաթեժ կետերից մեկում՝ Մարտունիում:

Երբ սեպտեմբերի  27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Սերյոժան իր դասակով ոչնչացրել են հակառակորդի հրետանու 3 հաշվարկ և զգալի վնաս  են պատճառել թշնամուն:

Ցավոք, ԱԹՍ-ի հարվածից Սերյոժան ծանր  մահացու վիրավորում է ստացել: Արիության համար հետմահու Արցախի Հանրապետության նախագահի հրամանով  նա պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Սերյոժան ու իր ծառայակից ընկերները անառիկ պահեցին իրենց վստահված հատվածը, կենացմահու կռիվ տվեցին ու նահատակվեցին հերոսի մահով:

Դպրոցական տարիներին նրա ամենասիրված բանաստեղծություններից էր Մեծն Շիրազի՝
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ...

 Մենք Քեզ բացակա չենք դնի, քանի կան քո  կողմից սիրված ու գնահատված Հայոց աշխարհն ու Հայոց լեռները, մենք միշտ հիշելու ենք քեզ ու ի լուր աշխարհի բարձրաձայնելու ենք՝ Հավերժ փառք, հավերժ խոնարհում, մեր գյուղի  լեգենդ, հերոս: Անունդ  ոսկե տառերով է գրվելու հավերժացած հերոսների շարքում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր