211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է տեղի ունեցել «BYD» մակնիշի ավտոմեքենայում. վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count16544 դիտում article-date 20:59 06-07-2025
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 32 հասցեի մոտ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «BYD» մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքից, ինչի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր