211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում․ Քաղսի գյուղում գործող հյուրատներից մեկից առևանգել են օտարերկրացի տղամարդու․ ժամանել են մարզի քրեական ոստիկանության և քննչական վարչության պետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count37981 դիտում article-date 09:37 06-07-2025
Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, օրվա հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքներն ու առևանգվածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է, ովքեր մի քանի օր է՝ բնակվում էին նշված հյուրատանը։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր