211652_close_icon
views-count169871 դիտում article-date 22:13 19-06-2022

Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ. 6 վիրավոր. վերջիններս տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը:
 
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
 
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:
 
Այս պահին ոստիկանները, քննիչները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեագետները՝ ոստիկանության Ապարանի բաժնի մեծ թվով քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, հետախուզական աշխատանքներ են կատարում, թե աղբավայրի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել դեպքը:
 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Ս․ Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ:
 
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը:
***
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր