211652_close_icon
views-count1330 դիտում article-date 23:16 15-06-2022

Ռեքս Քալամյանը շնորհակալ է՝ վստահության համար

Հայաստանյան մամուլը  այս օրերին հեղեղված է բասկետբոլին նվիրված հոդվածներով: Ոգևորությունը մեծ է, մանավանդ որ տղամարդկանց  ազգային հավաքականի գլխավոր մարզչի ղեկը մեր ֆեդերացիան  վստահել է ամերիկահայ նշանավոր մասնագետ,  «Դեթրոյթ Փիսթոնսի» մարզչական խորհրդի անդամ  Ռեքս Քալամյանին: Նա ավելի քան երեք տասնամյակ   աշխատում է NBA-ում:

Հմուտ մասնագետը ժամանել է Երևան և արդեն երկու մարզում է անցկացրել թիմի հետ: Պարապմունքները կայացել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համապատասխան սրահում: Գուցե տարօրինակ հնչի, եթե ասենք, որ նա ամերիկյան պայմաններից վատ չի գնահատել երևանյանը: Այս առթիվ մենք էլ ենք ուրախ, թեև հնարավոր է,   որ կարոտաբաղձ հայորդին մտովի այդքան շքեղ  ու ճոխ չի պատկերացրել մեզանում ստեղծված  պայմանները:

Ռեքս Քալամյանը լրագրողներին զրույցի ժամանակ ասել է ՝ եթե տատը ողջ լիներ, շատ կուրախանար իր նշանակման համար: Ամեն դեպքում  մարզիչը շատ շնորհակալ է  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝  վստահության համար: Ի դեպ, նա արդեն մեկ անգամ՝ 21 տարի առաջ է  եղել պատմական հայրենիքում: Նրան այս անգամ  երկիրն ավելի գեղեցիկ է երևում:

Մարզիչը հաճելիորեն զարմացել է տեղացի բասկետբոլիստների տեխնիկական բավարար պատրաստականության համար:

Իհարկե,  անելիքներ դեռ շատ կան: Գլխավորը և հիմնականը թիմում ամուր, անքակտելի խաղակցվածություն ստեղծելն է, այնպես,  որ նույնիսկ հայացքով միմյանց հասկանան խաղընկերները: Ամերիկահայ մասնագետը այդպես է ուզում տեսնել հայրենական բասկետբոլի ապագան:

Հիշեցնենք, որ  մեր թիմը նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայում:

Նմանատիպ նյութեր