Միայն 2021-ին Արցախին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել․ այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար․ Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ 4 ուղղությամբ թեմաներ են քննարկվում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, մեկը հումանիտար հարցերն են՝ գերիներ, անհետ կորածներ, երկրորդը սահմանազատման ու սահմանագծման հարցերն են, երրորդը ապաշրջափակումն է, որը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքով, իսկ չորրորդը ԼՂ խնդրի շուրջ քննարկումներն են:
Դիտարկմանը, որ սահմանազատման արդյունքում ինչպե՞ս է կարգավորվելու Լաչինչ միջանցքի հարցը, այդ հատվածը սահմանազատումը թողնվելու է ապագայի՞ն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Լաչինի միջանցքի հարցի վերաբերյալ կա կարգավորվում, դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որը ստորագերլ են երեք երկրների ղեկավարները:
Հարցին, թե արդյոք հայկական կողմը Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը նախապես ծանոթ է եղել, որտեղ վերջին օգտագործեց «էթնիկ հայեր» արտահայտությունը, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք միշտ բարձրացրել ենք այն հարցը, որ այն, ինչ քննարկում ենք Բրյուսելում, դրանց մասին նաեւ պետք է հանրությանը տեղեկացվի: Իհարկե, մենք ակնկլում ենք, որ ավելի հասցեական եւ հստակ հայտարարություններ կլինեն այս առումով: Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ դրա հետ կոմունիկացիան, համապատասխանի նրան, ինչ տեղի է ունենում: Պետք է աշխատենք, որպեսզի ստանանք այնպիսի տեքստ, որը նաեւ համապատասխանում է հայկական շահերին ամբողջությամբ»:
«Գիտեք, որ միայն 2021-ին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել: Սա ինչ-որ առումով նաեւ անվտանգային դերակատարություն ունի: Ոչ միայն սոցիալական խնդիրներ են լուծվում, այլեւ անվտանգության բաղադրիչ ունի: Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար»: