211652_close_icon
views-count1657 դիտում article-date 12:45 31-05-2022

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե:

«Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձեւով: Մենք միջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու հարկային դրույքները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը պիտի փորձենք լուծել»,-հարկային քաղաքականության համատեքստում նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ 2021 թ. 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: Համեմատության համար նշվել է, որ 2017 թ. ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ: «2021 թ. ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որեւէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի»,- ընդգծել է Կառավարության ղեկավարը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարողներին ԱԱՀ-ն այժմ վերադարձվում է ամսական կտրվածքով:

«2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը տնտեսավարողներին 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել: Այդ գումարից մոտ 50 մլրդ դրամը «հուսահատ գումար» էր: «Երբ 2017 թ. ընդունվել էր Հարկային նոր օրենսգիրքը, Կառավարությունն ասել էլ էր, որ նախկինում ունեցած պարտքերը դնում են մի կողմ եւ դրան չեն անդրադառնալու: 2019 թ., երբ մենք արդեն բյուջեի եկամուտները գերակատարում էինք, որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, «հուսահատ պարտք» էր, որը մենք վերադարձրինք տնտեսավարողին»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ  դա կարող էին չանել, սակայն համարել են, որ  պետության հեղինակությունն ամենակարեւորն է, եւ  չի կարող այնպես լինել, որ պետությունն  ինչ-որ մեկից  գումար վերցնի եւ չվերադարձնի: Այդ ժամանակ պետությունը նախատեսել էր վերադարձնել 56 մլրդ դրամ, բայց փաստացի վերադարձրել է 42 մլրդ դրամ, քանի որ  շատ ընկերություններ այդ ընթացքում լուծարվել էին: Նա նշել է, որ այժմ Հայաստանում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա: Իսկ եթե կա ԱԱՀ-ի դեբետի պարտք, նշանակում է, որ տնտեսավարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որպեսզի 1 ամսվա ընթացքում ստանա:

Վարչապետը կարեւորել է նաեւ եկամտային հարկի մասով իրականացված բարեփոխումը՝ նշելով, որ դրա արդյունքում քաղաքացիներն այժմ 21 տոկոս եկամտահարկ են վճարում:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ իրականացված մյուս բարեփոխումներին, ընթացիկ տնտեսական ցուցանիշներին՝ դրանք համարելով լավատեսական:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր