211652_close_icon

Երևանում 79-ամյա կնոջը ծանուցում է եկել, որ պետք է լքի 10 տարի առաջ իրեն հատկացված տարածքը․ այնտեղ նա փաստացի գրանցված է, իր անվամբ ունի գազի, ջրի և հոսանքի բաժանորդագրություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1462 դիտում article-date 14:05 24-11-2025
Երևանի բնակիչ 79-ամյա Նատալիա Սահակյանը արդեն 10 տարուց ավելի է՝ բնակվում է Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 7 հասցեում, որը իրեն տրամադրել են՝ որպես միայնակ կին։

Այդտեղ իրեն հատկացրել են հնարավորություն փաստացի գրանցում ձեռք բերելու, բնական գազի, էլեկտրական հոսանքի և ջրի բաժանորդ դառնալու հնարավորություն։

Տարեց կինը իր հնարավորության սահմաններում բարեկարգել է իրեն հատկացված տարածքի ուղիղ կեսը, կահավորել ու ստացած թոշակով ու նպաստով ապրում է։ Նոյեմբերի 18-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից նրան եկել է ծանուցում, որ պետք է երկշաբաթյա ժամկետում լքի այդ բնակարանը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Նատալիա Ս․-ն ասաց․

«10 տարուց ավելի է՝ այստեղ եմ ապրում․ ինձ այս տարածքը տրամադրել էին, որովհետև միայնակ եմ, ամուսինս, դուստրս մահացել են, ապրելու տեղ չունեի, վարձով էի ապրում։ Տարիների ընթացքում իմ հնարավորությունների չափով բարեկարգել եմ, մասամբ վերանորոգել, որ ապրելու պիտանի դառնա։ Հիմա ասում են՝ պետք է դուրս գամ։ Էդ ու՞ր գնամ այս տարիքում։ Եթե ինձ հանում են, ապա ինչո՞ւ են իմ վերևի հարկում այլ մարդու բերում տեղավորում, որ ապրի։ Այսքան ժամանակ ես համարել եմ, որ սա իմ տունն է ու միակ ապավենը»։

 Ըստ տարեց կնոջ՝ իրեն ոչ այլընտրանքային բնակտարածք է առաջարկվել, ոչ էլ պարզաբանվել է, թե ինչ պատճառով է նման որոշում կայացվել.

«Տարիներով չեմ խանգարել ոչ մեկին։ Ինձ սա տվել էին՝ որպես միայնակ կնոջ։ Հիմա հանկարծ ասում են՝ ազատեք։ Եթե ինչ-որ բան չեն հավանել, թող բացատրեին, ժամանակ տային, ոչ թե էդպես կանգնեցնեին փաստի առաջ»,– նշում է Նատալիա Ս․-ն։

Տեղացիները նույնպես նշում են, որ Նատալիա Ս․-ն մշտապես շնորհքով ու կարգապահ բնակիչ է եղել, ու եթե նրան դուրս հանեն, նա պարզապես չի ունենա գնալու տեղ։ Նրա վիճակն ավելի ծանր է դառնում՝ հաշվի առնելով նրա տարիքը և առողջական խնդիրները, քանի որ վերջերս է հիվանդանոցից դուրս գրվել։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր