1998 դիտում
23:21 30-05-2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջեի կատարողականի քննարկումները
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գերատեսչություններին հատկացված ծախսերի կատարման հաշվետվությունը եւ նշեց, որ հաշվետու տարում իրականացվել են նախատեսված բոլոր ծրագրերը, որոնց համար վճարումներ կատարվել են ամբողջ ծավալով:
ՀՀ գլխավոր գանձապետը տեղեկացրեց, որ 2013 թ.-ին կրթության ոլորտին հատկացվել է 103,1 միլիարդ դրամ: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԿԳ նախարարությանը նախորդ տարվա բյուջեով հատկացվել է 35,8 միլիարդ դրամ, որով իրականացվել է 69 ծրագիր: Գիտության պետական կոմիտեին հատկացվել է 10,8 միլիարդ դրամ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հավելեց, որ հաշվետու տարվա ընթացքում ներդրվել է կրթական հաստատությունների վարկանիշավորման համակարգը, ստեղծվել է 73 նախակրթարան, մշակվել է կրթական կառավարման տեղեկատվական համակարգը, ստեղծվել են որակի եւ կարիերայի կենտրոններ: Նախարարը հավաստիացրեց, որ նախորդ տարվա ընթացքում տարակարգ է ստացել 194 ուսուցիչ, իսկ շուրջ 1000 մասնագետներ վերապատրաստվել են:
ԿԳ նախարարը հպարտությամբ նշեց, որ հայ աշակերտները միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 15 մեդալով, իսկ հայաստանյան բուհերը շահել են 18 ծրագիր, որոնց իրականացման համար առաջիկա տարիներին կստանան ութ միլիոն եվրո:
ՀՀ սփյուռքի նախարարությունն անցյալ տարի իրականացրել է 17 ծրագիր՝ ծախսելով 806,8 միլիոն դրամ եւ ապահովելով 95,6 տոկոս կատարողական: Ընդ որում պետական հատկացումներից որոշակի միջոցներ տնտեսվել են նախարարության կողմից:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության աշխատանքը 2013 թ.-ին՝ անդրադառնալով ռազմավարական խնդիրներն իրականացնելու համար մշակված ծրագրերին: Նախարարի տեղեկացմամբ՝ շուրջ 112 հազար սիրիահայ այսօր ապրում է ՀՀ-ում՝ ստանալով պետության աջակցությունը բոլոր ոլորտներում: Նա կարեւորեց «Արի տուն» ծրագրի նշանակությունն ու շարունակականությունը՝ նշելով, որ 2013-ին ծրագրի մասնակիցների թիվը հասել է 1250-ի:
ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացրել է 46 ծրագիր՝ բյուջեով նախատեսված 10,7 միլիարդ դրամի փոխարեն ծախսելով 10,9 միլիարդ դրամ: Անդրադառնալով մշակութային ոլորտում իրականացված ծրագրերին՝ Ատոմ Ջանջուղազյանը կարեւորեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճների տեխնիկական վերազինման աշխատանքները, որոնց հատկացվել է 900 միլիոն դրամ:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, անդրադառնալով 2013 թ.-ին իրականացված ծրագրերին, կարեւորեց մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, հանրային գրադարանների հավատարմագրումը, «Երաժշտական գործիքների շրջանառու» հիմնադրամի ստեղծումը: Փոխնախարարը կարեւորեց նաեւ 2013-ին Մշակույթի ազգային ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ որոշումը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թ.-ին իրականացրել է 31 ծրագիր՝ ծախսելով 4,8 միլիարդ դրամ: Այս ոլորտում ծրագրերի կատարողականը 99,11 տոկոս է: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ 2013 թ.-ին սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես հաշմանդամային սպորտի իրականացման եւ զարգացման ծրագրին:
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը, ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքը հաշվետու տարում, նշեց, որ հանձնաժողովին հատկացվել է 230 միլիոն դրամ, որից տնտեսվել է 4 միլիոն դրամ:
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, անդրադառնալով պետական բյուջեից հատկացված գումարներին, որոնք կազմել են 4,2 միլիարդ դրամ, նշեց, որ իրականցվել է 8 ծրագիր եւ տնտեսվել 4 միլիոն դրամ:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները պատասխանեցին պատգամավորների հարցերին:
Նույն օրը ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ծախսերի ուղղվածությունը:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` 2013-ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել է 64.4 մլրդ դրամ ծախս? ապահովելով ծրագրի 89.6%-ը: Նա նշեց, որ առողջապահության նախարարությունը իրականացրել է 63 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից եւս միջոցներ են հատկացվել :
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ 2013-ին ազգաբնակչության մեկ շնչի հաշվով առողջապահական ծախսերը կազմել են 21.000 դրամ: Կատարված ծախսերի 42.3%-ը ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 36.2 %-ը արտահիվանդանոցային ծառայությունների, 12.3 %-ը այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի, 5%- ը հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը, 4.2 %-ը` բժշկական ապրանքների, սարքավորումների, ձեռքբերման համար: Արտահիվանդանոցային 12 ծրագրերի ծախսերի ֆինանսավորման համար 2013 թվականին հատկացվել է 23.3 մլրդ դրամ? ապահովելով ծրագրի 99.3%-ը: Նման միջոցներով բնակչությանը մատուցվել է տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, նեղ մասնագետների, դպրոցների բուժքույրերի եւ այլ ծառայություններ, որոնցից կարեւոր են նաեւ լաբորատոր ծառայությունները: Տեղամասային սկզբունքով աշխատող բուժանձնակազմի համար կիրառվել է որակի գնահատման ցուցանիշների փաստացի կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրման ծրագիր, որի համար ծախսվել է մոտ 125 մլն դրամ: Բնակչության ընդհանուր խմբերի` հղիների եւ կանանց, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց 2013 թվականին մատուցվել է 4մլն լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ` կազմելով 2.8 մլրդ դրամ:
Շտապօգնության ծառայություններում նկատվել է մատչելիության բարձրացում, սպասարկվել է մոտ 456. 500 կանչ:Հանրապետությունում նոր ծառայությունների շնորհիվ բարձրացել է հեմոդիալիզի ծառայության հասանելիությունը եւ մատչելիությունը: 2013-ին իրականացվել է 90900 սեանս, սպասարկվել է շուրջ 606 հիվանդ` կազմելով 1.6 մլրդ դրամ:
Առաջնային օղակի դիսպանսերների եւ այլ բուժհաստատությունների միջոցով բնակչության արտոնյալ խմբերում ընդգրկված 242 000 անձանց անհրաժեշտ դեղեր ապահովելու նպատակով 2013-ին պետական բյուջեից հատկացվել է 3.4 մլրդ դրամ:Հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար ծախսվել է 27.2 մլրդ դրամ` կատարողականը կազմելով 99.8%: Սպասարկվել է 285 հազար 800 մարդ: Մոր եւ մանկան բժշկական ծառայությունների շրջանակներում իրականացված 3 ծրագրերի ծախսը կազմել է 13.6 մլրդ դրամ:
Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց մատուցվել է 4.3 մլրդ դրամի բժշկական օգնություն եւ սպասարկման ծառայություններ, փոխհատուցվել է 46.000 հիվանդանոցային դեպք, անվճար եւ արտոնյալ պայմաններում փոխհատուցվել է սրտի 855 վիրահատություն, որի համար ծախսվել է 805 մլն դրամ: 2.2 մլրդ դրամ ծախսվել է ուռուցքաբանական, արյունաբանական , հոգեկան, ինֆեկցիոն, տուբերկուլյոզի եւ այլ մասնագիտացված բուժօգնության ծառայությունների ձեռքբերման համար, փոխհատուցվել է 96.000 դեպք:
2013 թվականի օգոստոսից համակարգում որպես նոր ծրագիր իրականացվում է զինծառայողների, ինչպես նաեւ փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների բժշկականօգնության ծառայություններ, ինչի համար ծախսվել 977.2 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
1654 դիտում
12:45 31-05-2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր