211652_close_icon
views-count15123 դիտում article-date 11:22 26-04-2022

Ձեզ բացակա չենք դնի. Երևանի Ազատության 11 շենքի բակում ամեն  օր ծաղիկներ են խոնարհում 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գագիկ Աբրահամյանի և Աղասի Բեժանյանի հիշատակին տեղադրված խաչքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 

Երևան քաղաքի Ազատության 11 շենքի բակ արդեն մի քանի օր է, քաղաքացիների հոսքը չի դադարում. այցելուները ծաղիկներ են խոնարհում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Գագիկ Աբրահամյանի և Աղասի Բեժանյանի հիշատակին տեղադրված խաչքարին։ 

***
2֊ՐԴ ՀԱՇՎԱՐԿԻ` Դ֊30 ՀՐԱՆՈԹԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԳԱԳԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գագ. այդպես էր սիրում, որ իրեն անվանեն։ Ծնվել է 2001թ.-ի հունվարի 12֊ին, քաղաք Երևանում։ Սովորել է թիվ 128 դպրոցում։ Ակտիվ, նպատակասլաց, ազնիվ, ընկերասեր, հավատարիմ։ Սիրում էր կարդալ, հետաքրքրված էր գալակտիկաներով։

Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Երևանի Տարածաշրջանային N1 քոլեջի ռեժիսուրայի բաժինը։ Սիրում էր իր գործը` նկարահանումներ, ֆոտոներ... Աչքից չէր վրիպում ոչ մի գեղեցիկ իր կամ երևույթ, որը կարող էր հուշ դառնալ։ Հաճախում էր «ՓՅՈՒՆԻԿ» ֆուտբոլային ակումբ։ Դարպասապահ էր։

Բարձրահասակ, գեղեցիկ, հայրենասեր... Հայրենասիրությունը դեռ մանկուց էր տրված։ Դաստիարակվել է Զորավար Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի, Դուշման Վարդանի, Մոնթեյի մասին գրված երգերով ու պատմություններով։ Նա գիտեր հայրենիքի, եռագույն դրոշի և հայոց բանակի արժեքը։ Հատուկ հարգանք ուներ զինվորական համազգեստի հանդեպ։ Համազգեստը զգաստացնում էր Գագին, այդպիսինն էր...

2019թ. Հուլիսի 18. Գագիկը զորակոչվեց հայոց բանակ։ 6 ամիս Լուսակերտում սերժանտական կուրսերն անցնելուց հետո տեղափոխվում է Իջևանի գունդ։ Անսպասելի և քառակի պատասխանատվություն էր նրա համար, քանի որ 90֊ականներին այդ գնդում էր ծառայել վաշտի հրամանատար Ասքանազ Դավթյանը` Գագիկի պապը։

2020թ. հուլիսյան պատերազմ։ Գագն էլ իր ակտիվ մասնակցությունն ունեցավ և արժանացավ «Քաջարի Մարտիկ» շքանշանին։ Հաղթանակի բերկրանքով լցված խիզախ քաջորդին կամավոր դիմում է հրամանատարին, որպեսզի իրեն տեղափոխեն Արցախ, ծառայությունը շարունակելու Արցախում։

«Ես պետք ա դիրք պահեմ»,-անդադար կրկնում էր նա։

Մեկ ամիս հետո կատարվում է Գագիկի երբեմնի երազանքը` Արցախում ծառայելու և դիրք պահելու։ Չարաբաստիկ 2020թ. սեպտեմբերի 27. Կրտսեր սերժանտն իր հրամանատարի և ընկերների հետ տեղափոխվում է Արցախ` Մատաղիս, այնուհետև Մարտակերտ։ 28 օր տղաները մարտնչել են թշնամու դեմ։ Գագիկը 2-րդ հաշվարկի Դ-30 հրանոթի հաշվարկի հրամանատար էր։ Իր գործին գիտակ, այդպես են բնութագրում նրան։ Նա թշնամու դեմ կռիվ է տվել երկու հրանոթով` իրարից 20֊25 մետր հեռավորության վրա։

Հրամանատարը բնութագրում է նրան որպես կատակասեր ու հումորով մարդ, կազմակերպված և պատասխանատու։ Ասում է Գագն իր հումորով դղերքին դուխ էր տալիս։ 2020թ. հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Գագն իր ընկերների հետ բռնեց անմահության ճանապարհը հրամանատարի կյանքը փրկելու ժամանակ։

Գագիկը ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով և զորամասի հրամանատարի կողմից պատվոգրով` ցուցաբերած արիության և նվիրումի համար։

Գիտակցված մահն անմահություն է...

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր