211652_close_icon
views-count1706 դիտում article-date 19:40 07-04-2022

Թուրքիան ԵԱ-ին եկել էր 40 հոգով, իսկ մենք նույնիսկ բժիշկ չունեինք. Գևորգ Ալեքսանյան

Հունահառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ու մարզիկներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում ամփոփեցին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:  

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով, ըմբշամարտում խնդիրները բազմաթիվ են: Արդեն տևական ժամանակ է մարզիկներն ու բժշկական անձնակազմը գումար չեն ստանում: Բացի դրանից, առաջնություններում մրցավարական կողմնակալությունն ազդում է հայ ըմբիշների արդյունքների վրա, իսկ Հայաստանում սպորտի պատկան մարմիններն այս ուղղությամբ ոչինչ չեն անում:

«Իհարկե, մենք էլ կցանկանայինք մեծ կազմով մասնակցել Եվրոպայի առաջնությանը, բայց դա առաջին հերթին գալիս է ֆինանսներից, քանի որ այն գումարը, որը մեզ հատկացվում է, չի բավարարում: Այսօր մենք 7 քաշային կարգում ենք մասնակցել, բայց կարող էինք մասնակցել 10 քաշային կարգում: Եթե մանրամասնեմ՝ մեզ խանգարեցին: Օրինակ, Սլավիկ Գալստյանը պետք է դուրս գար եզրափակիչ: Մենք մեզ արդարացնելու համար չենք բողոքում մրցավարությունից: Դա փաստ է:

Մեր երկրում պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել այդ հարցը լուծելու համար: Հավասար գոտեմարտերի դեպքում մրցավարի մի որոշումը կարող փոխել ամբողջ գոտեմարտի ելքը: Արդեն 4-րդ ամիսն է, մենք երկու մրցման ենք մասնակցել, բայց տղաները նույնիսկ վիտամին չեն ստացել: Գնում ենք առաջնության` առանց մարզահագուստի: Բոլորը տարբեր բաներ են հագնում: Մեր տղաները ոչ մեկին չեն զիջում: Օրինակ, ամեն գոտեմարտից հետո վերականգնվելու կարիք կա, բայց մեր տղաները նույնիսկ վիտամին չեն ստանում, նույնիսկ ես էլ եմ ամաչում ավելին պահանջել նրանցից: Մեր բժիշկներն ու մերսողները աշխատավարձ չեն ստանում: Դուք պատկերացրեք արդեն իրավիճակը»,-ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայаստանը նվաճել էր 4 մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը, Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Ղարիբյանը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր