211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ՝ Վայք քաղաքում. 19-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30104 դիտում article-date 14:18 01-07-2025
Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշիտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Սողոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Գասպարյանն ու Կարեն Առաքելյանը: 
 
Դեպքի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ: 
 
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին և հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է: 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր