211652_close_icon
views-count19995 դիտում article-date 17:04 12-03-2022

Տենդի մեջ գտնվող զինվորին զինակիցներն են բարձրացրել դիրք. մանրամասներ 10 ամիս անհետ կորած համարվող զինծառայողի գործից. News.am

Դասալքության մեջ մեղադրվող եւ շուրջ տասը ամիս (2021թ.–ի մայիսի 18-ից, խմբ.) անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մայրը հարուցված քրեական գործի շրջանակում առերեսում է ունեցել սպայական կազմի ներկայացուցիչների հետ։

Քրեական գործը հարուցվել էր Նորիկ Մկրտչյանի անհետանալուց երկու ամիս անց՝ 2021 թվականի հուլիսին, իսկ առերեսումները սկսվել են այն ժամանակ, երբ Լուսինե Վիրաբյանը գործով ներգրավվել է որպես Նորիկ Մկրտչյանի պաշտպան (2022թ.–ի հունվար, խմբ.)։ 

«Նորիկի մայրը առերեսվել է զորամասի հրամանատարական կազմից՝ «կամբատի» հետ։ Մյուս շաբաթ կարեւոր առերեսում է սպասվում դիրքի ավագի հետ։ Այն տվյալները, որոնք հայտնել են ծնողին, եւ այն տվյալները, որոնք ասվել են քննչական մարմնին որպես ցուցմունք՝ էականորեն տարբերվում են միմյանցից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։

2021թ.–ի մայիսի 18–ից անհետ համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը հունվարի 13–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  ԱԱԾ եւ Ռազմական ոստիկանություն։

«Վարույթն իրականացնող մարմինն այդքան էլ լավ չի հասկանում՝ ինչ է նշանակում դիմումը, ինչ՝ հանցագործության մասին հաղորդումը։ Եթե ծնողը պատմել է, որ ինչ-որ դեպք է եղել եւ դրա հետեւանքով տղան անհետացել է, պետք չի, որ Ռազմական ոստիկանությունը այդ հաղորդումը կցի քրեական գործին եւ նույն գործը վարող քննիչն էլ ասի՝ իրականացվում է քննություն։ Իսկ քննությունը տարվում է մի ուղղությամբ, որ առանց որեւէ փաստի զինվորը ինքնակամ թողել է զորամասը, բայց  թե զինվորը ինչ պայմաններում է անհետացել, դրա հետ կապված քննություն չի կատարվում։ Հարուցված քրեական գործի շրջանակում որեւէ մեկը կարգավիճակ չունի, ո՛չ տուժողը, ո՛չ էլ պաշտպանական կողմից որեւէ մեկը, այսինքն՝ չկա մեղադրյալ, կասկածյալ։ Հետաքրքիր է՝ գրեթե մեկ տարի ինչ է կատարվել այդ քրեական գործով»,- ասաց անհետ համարվող ժամկետային զինվորի պաշտպանը։

Լուսինե Վիրաբյանին պարզ չէ, թե ինչ հիմքով է Նորիկ Մկրտչյանին մեղադրանք առաջադրվել. «Սին մեղադրանք է, նույնիսկ վարույթն իրականացնող մարմնին չէ դա պարզ, որովհետեւ չկա որեւէ մեկը, որը կպատմի, թե ինչպես է Նորիկը լքել զորամասը կամ էլ դիրքը»։

Պաշտպանը կասկածներ ունի, որ ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի անհետանալու վերաբերյալ տվյալները թաքցվում են։

«Կարծում եմ՝ ինչ-որ միջադեպ է եղել, ինչի հետեւանքով էլ թաքցվում են տվյալները։ Մայիսի 18-ին, երբ ծնողն իմացել է տղայի անհետանալու մասին, Ռազմական ոստիկանությունում «պատահական» Նորիկի հեռախոսը բերել են ու ասել, թե հենց նոր են գտել, ծնողն իմացել է հեռախոսի կոդը եւ բացել։ Ամիսներ անց՝ 2022 թվականի հունվարի 27-ին քննիչին հարցրել եմ, թե որտեղ է հեռախոսը, վերծանում արվե՞լ է, ի պատասխան քննիչն ասաց՝ հեռախոսն ուղարկել ենք փորձաքննության, այլ կերպով բացելու համար։ Եթե ծնողը պատրաստակամ է օգնել քննությանը, ու նա կարող էր այդ հեռախոսի կոդը բացել, ինչի՞ համար եք ամիսներ շարունակ էդ հեռախոսը պահել։ Քննիչն ասում է՝ մենք ուրիշ ձեւով էինք ուզում բացել, ուրիշ ձեւը ո՞րն է։ Իսկ գուցե հեռախոսի մեջ ինչ-որ տվյալ կար, եւ փորձ է կատարվում թաքցնել դա»,- նկատեց պաշտպանը։

Քրեական գործի շրջանակում հարցաքննվել են նաեւ զինվորի ծառայակիցները։ Մինչեւ Լուսինե Վիրաբյանի՝ գործով որպես պաշտպան ներգրավվելը, Նորիկ Մկրտչյանի մորը հնարավորություն չի տրվել այդ զինվորների հետ զրուցել։

«Միայն մեկ ամիս առաջ է այդ հնարավորությունը տրվել։ Որեւէ մեկը չի ասել, թե վերջին անգամ Նորիկին որտեղ են տեսել։ Մենք տվյալ ունենք, որ Նորիկը դիրքեր բարձրանալիս այնքան վատառողջ վիճակում է գտնվել, որ նրան երկու հոգով են բարձրացրել, մեկ ուրիշն էլ զենքն է բարձրացրել։ Այսինքն՝ երեք զինվորի օգնությամբ է Նորիկը դիրքեր բարձրացել, հետաքրքիր է՝ ինչի՞ համար էին Նորիկին դիրքեր տանում, տենդի մեջ, բարձր ջերմություն ունեցող զինվորը ի՞նչ օգտակար գործողության գործակից կարող էր ունենալ։ Նա երկու ամսվա ծառայող էր եւ ի դեպ, առաջին անգամ էր դիրքեր բարձրանում»,- նշեց Լուսինե Վիրաբյանը։

Պաշտպանը հավելեց, որ Նորիկ Մկրտչյանի՝ գերի ընկնելու վերաբերյալ տեղեկություն չկա․ թե՛ Կարմիր Խաչի, թե՛ Պաշտպանության նախարարության տվյալներով, Նորիկի անունը գերիների ցուցակում չկա։

Նմանատիպ նյութեր