211652_close_icon
views-count17685 դիտում article-date 18:34 10-03-2022

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ զգալիորեն ավելացնում է կանոնադրական կապիտալը և նորովի կձևավորի Հայաստանի բանկային հատվածի ապագան

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետերերի կազմում կատարված փոփոխության արդյունքում՝ Բանկի բաժնետոմսերի 74․998041% սեփականատեր դարձած «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի՚ ընկերությունը կանոնադրական կապիտալը համալրել է 96 մլրդ ՀՀ դրամով։

Բանկի կանոնադրական կապիտալը 32 մլրդ դրամի չափով համալրել է նաև 25% գումարած մեկ բաժնետոմս՝ սեփականատեր «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն: Կապիտալի համալրումը ընդհանուր 128 մլրդ ՀՀ դրամով Բանկին հնարավորություն կտա ոչ միայն պահպանել և ամրապնդել առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում, այլ նաև իրագործել զարգացման նոր ծրագրեր՝ մասնավորապես՝ գրավիչ դարձնելով հիփոթեքային, կառուցապատման ֆինանսավորման ծրագրերը, արդիականացված թվային և նորարարական ծառայությունները և այլն:

Արդյունքում Բանկը հայտնվելու է զարգացման նոր մակարդակում և միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ նորովի է մրցակցելու համակարգում՝ ընդառաջ գնալով բոլոր մարտահրավերներին։ Այժմ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 170 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ձևավորված նոր խորհուրդը կազմված է Շվեյցարիայից և Հայաստանից փորձառու և հեղինակություն վայելող բանկային մասնագետներից և փորձագետներից, որոնց բազմամյա փորձը թույլ կտա ապահովել Բանկի շարունակական զարգացումն ու կայուն աճը:

Խորհուրդը կնախագահի ազգությամբ շվեյցարացի, միջազգային բանկային ոլորտում երկար և հաջողակ կարիերա ունեցող Ալֆրեդ Վ. Մոէկլին: Բանկային բիզնեսի կազմակերպման և կառավարման գործընթացում նման փոփոխությունները նշանակալի կարևորություն ունեն թե΄ Բանկի, թե΄ ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի համար՝ հաշվի առնելով նրանց ինստիտուցիոնալ դերը համակարգում:

Համակարգային նշանակություն ունեցող Բանկի բաժնետերերի կառուցվածքում Շվեյցարական ֆոնդի և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ մասնակցությունն էականորեն նպաստելու է միջազգային ֆինանսաբանկային համակարգերին բնորոշ բիզնես մշակույթի և կորպորատիվ կառավարման մոդելների արդյունավետ տեղայնացմանը, ինչպես նաև ֆինանսական նորարարությունների ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ բանկային մրցակցության բարձրացմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակելու է հավատարիմ մնալ իր առաքելությանը և նպաստելու է մեր երկրի տնտեսության զարգացմանը՝ ֆինանսավորելով ու որակյալ բանկային ծառայություններ մատուցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին և բնակչությանը։

Այսպիսով, սկսվում է ՀՀ անկախության առաջին տարիներին ֆինանսական ոլորտ մուտք գործած, շուկայական հավասարակշռող մրցակցությանը դիմակայած և իր կայուն տեղը գրաված Հայաստանի փորձառու բանկերից մեկի՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ պատմության նոր շրջափուլը։ Մենք վստահ ենք, որ նոր շնչով, նոր ոգով ու նոր երանգներով կերտելու ենք պատմություն ինչպես մեր հավատարիմ, այնպես էլ մեր նոր հաճախորդների ու գործընկերների հետ՝ միասին նոր դրական փոփոխություններ բերելով բանկային ոլորտ։

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր