211652_close_icon
views-count72511 դիտում article-date 12:30 03-03-2022

Նոր մանրամասներ՝ երեկ «Ապավեն» ՍՊԸ-ում նռնակով ինքնասպանության փորձի դեպքից. կա վիրավոր, վնասված Mercedes-ն էլ տնօրենինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արա Ավագյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Կ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է նույն օրը Արարատյան փողոցի 43 հասցեում գործող «Ապավեն» տերմինալում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։50-ին նշված տերմինալի անվտանգության պետ՝ 40-ամյա Պ. Շ-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տերմինալի տարածքում իրենց աշխատակիցներից Էդգար Կ-ն ոչ սթափ վիճակում հարվածել է տեղում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցներից մեկին և մարտական նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել։

Նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 73-ամյա Ավետիս Ա-ն է, ով «Ապավեն» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է աշխատանքի վայրում բռնի գործողությունների ժամանակ։ 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Էդգար Կ-ն «F-1» տիպի նռնակը ձեռքին վիճաբանել է Ավետիս Ա-ի հետ, որի ժամանակ հարվածներ է հասցրել նրան, ապա կոտրել գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Ապավեն» ՍՊԸ-ի տնօրեն, 57-ամյա Էդուարդ Ս-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին։ Այնուհետև հայտնել է, որ ինքն իրեն պայթեցնելու է։ 

Տեղում ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Էդգար Կ-ն ձեռքի նռնակը նետել է անվտանգ վայր, որը պայթել է, որից հետո նրան բերման ենթարկել ոստիկանությն Շենգավիթի բաժին, այնտեղից էլ նրան ներկայացրել են քննչական բաժին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արարատյան  43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ էր պայթեցրել, ով, բարեբախտաբար, վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր, և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Հայկ Բարսեղյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենային դեպքի վայրին, մինչև հետաքննչական և քննչական խմբերը մոտենային:

Ոստիկանությունը պարզում էր նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի        
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 205+
205+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր