«Ալիեւի հայտարարությունից հետո ՀՀ-ն կարող էր չերաշխավորել ադրբեջանցի պատվիրակների անվտանգությունը». Էդգար Ղազարյան. Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Այսօր մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները, բողոքի ցույց էին անում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ-ում եվրոպական պատվիրակության եւ «Եվրանեսթ»-ի պատվիրակների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ընդունելությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստն անցկացվում է Երեւանում՝ այսօր եւ վաղը։ Այս նիստին մասնակցում են նաեւ Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ։
Ցույցի մասնակիցներն, ինչպես իրենք ասացին, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ պատվիրակության ուշադրությունը հրավիրում ՀՀ-ում ստեղծված ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ, եւ անհանգստությունը հայտնում, որ Հայաստանին ժողովրդավարության դասեր տալու են եկել նաեւ ադրբեջանցի ներկայացուցիչները։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւս ցույցին մասնակցում էր, նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տեղեկություններ ունի, որ նիստին հրավիրված են նաեւ քաղհասարակությունից ներկայացուցիչներ․« Ադրբեջանի պատվիրակության ներկայությունը խորհուրդ ունի, որովհետեւ 2021 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանցիները, տիրանալով Զանգեզուրի միջանցքին, իրենք մի օր կհասնեն նաեւ Երեւան, ամենեւին պարտադիր չէ, որ նրանք տանկերով հասնեն Երեւան, եւ այսպիսի հայտարարություններից հետո ադրբեջանցի բարձրաստիճան պատվիրակների ներկայությունը կարծես կապ ունի Ալիեւ այդ ցանկության, կարելի է ասել՝ հանձնարարության հետ, որը հեզորեն իրականացնում է ՀՀ իշխանությունը։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունից հետո ՀՀ-ն կարող էր չերաշխավորել ադրբեջանցի պատվիրակների անվտանգությունը եւ հրաժարվել այս վեհաժողովը հյուրընկալելու։ Դա խնդիր չէ, այլ երկրում կանցկացնեին։ Բայց ՀՀ իշխանությունը ոչ միայն կազմակերպել է, հյուրընկալել, այլեւ՝ ապահովել ադրբեջանցիների մասնակցությունը՝ ըստ էության կյանքի կոչելով Ալիեւի հայտարարությունը»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։