211652_close_icon
views-count43841 դիտում article-date 23:42 06-02-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում. կեղտաջրերը ողողել են Դավիթաշենի մի ամբողջ թաղամաս ու լցվում են բազմաբնակարանային շենքի նկուղներ. «Վեոլիա Ջուրն» ու թաղապետարանը ուղտի ականջում քնած են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 41 և 43 բազմաբնակարանային շենքերի բնակիչները չգիտեն, թե պետական որ կառույցին դիմեն, որպեսզի վերջնականապես լուծվի մի քանի տարի չարչրկված խնդիրը:
 
Արդեն մի քանի օր է, ողջ բակում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ ու դրա թիվ 1 պատասխանատուն երևանցիների համար արդեն «պատուհաս» դարձած «Վեոլիա Ջուրն» է:
 
Ֆոտոլրագրող Գգաիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այսօր առավոտվանից ահազանգել ենք «Վեոլիա Ջրի» թեժ գիծ, սակայն լսում ենք նույն պատասխանը. «Ձեր զանգը գրանցվել է, մասնագետները կմոտենան» Առանց չափազանցնելու, 40 անգամ զանգահարել ենք ու 40 անգամ էլ լսել ենք նույն copy-paste արած պատասխանը: Մնում է ենթադրել, որ «Վեոլիա Ջրի» որոշ աշխատակիցներ հայտնի «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսի նման մտել են հորի մեջ ու հօդս են ցնդել:
 
Վճարումները կանոնավոր կատարում ենք: Մի օր ուշացնենք, «Վեոլիա Ջուրը» քթներիցս կբերեն, անգամ ջուրը կկտրեն: Բա հիմա, ինչքան ժամանակ է, կոյուղաջրերը լցվում են բնակիչներիս տան նկուղներ, կոյուղաջուրը հոսում է փողոցով մեկ ու այդ ամենը դառնում է վարակի պատճառ:
 
Ասում են, կորոնայի դեմ են պայքարում: Միթե՞ այս հակասանիտարական վիճակը կորոնայից ավելի վտանգավոր չի: Դավիթաշենի թաղապետարան էլ ենք դիմել, նրանք էլ ասում են, «Վեոլիա Ջրի» գործն է, նրանց պետք է անեն, մենք անզոր ենք ազդել «Վեոլիա Ջրի» վրա: Դարակազմիկ պատասխան է:
 
Եթե Դավիթաշենի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուր» ընկերությունը մի փոքր խղճի խայթ ունենան, մի քիչ սիրեն Երևանն ու երևանցուն, ապա այդ խնդրի լուծումը օրերի հարց է: Հակառակ դեպքում կհանգենք այն համոզման, որ նրանց համար մարդը զրո արժեք է»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերը անվարան հոսում ու լցվում են շենքերի նկուղներ, ողողում բնակելի ողջ տարածքը, այդ թվում՝ երեխաների համար կառուցված խաղահրապարակը, իսկ գարշահոտությունն անգամ այս ցուրտ եղանակին զգացվում է մի քանի հարյուր մետրից:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին