211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Աջափնյակում 10 օր է կոյուղատարերից կեղտաջրերը դուրս են գալիս, լցվում ավտոտնակներ ու բազմաբնակարանային շենքերի նկուղներ. կա վտանգ, որ շենքերը կդառնան վթարային․ պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count736 դիտում article-date 12:01 17-02-2026
Արդեն 10 օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 6-րդ և հարակից շենքերի ու սեփական տների հարյուրավոր բնակիչներ չեն կարողանում հստակ ստանալ հարցի լուծման պատասխանը՝ որ կառույցի պատասխանատուներն են մի ամբողջ թաղամաս փրկելու գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Այսօր՝ փետրվարի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«10 օր առաջ նկատեցինք, որ 4 մուտքանի, 5 հարկանի շենքի դիմացով կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքում գարշահոտ վիճակ է։ Սկսեցինք հետաքրքրվել ու պարզեցինք, որ էդ կեղտաջրերը լցվում են ավտոտնակների և շենքերի նկուղներ։ Փորձեցինք մեր ուժերով խնդիրը լուծել, սակայն մենք անզոր էինք, քանի որ պետք է աշխատանքները իրականացներ «Վեոլիա ջուր»-ը հատուկ տեխնիկաներով։

Մի քանի անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր», մի անգամ եկան 2-3 րոպե իբրև թե գործ արեցին ու իրենց աշխատանքը համարելով ավարտված գնացին, բայց հարցը չլուծվեց ու արդեն 10 օր է հակասանիտարական ու գարշահոտ վիճակը պահպանվում է։

Ստիպված դիմեցինք կառավարություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այդ երկու կառույցներից գոնե պատասխանեցին, որ խնդիրը «Վեոլիա ջրի» տիրույթում է և իրենք ճիշտ է չունեն լծակ այդ ընկերության վրա ազդելու, բայց կխնդրեն ու կմիջնորդեն, որ հարցը կարգավորվի։ Դա էլ օգուտ չտվեց։

Բնակիչներով մի քանի անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց ոնց հասկանում ենք «Վեոլիա ջուրը» իրեն համարում է անձեռնմխելի ու արհամարհած ունի հարյուրավոր բնակիչների խնդրանքը։ Բնակիչներ, ովքեր կանոնավոր վճարումները կատարում են։

Այս պահին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով արդեն ժամանել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից և կարծես թե փորձում են «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն որպեսզի այս խնդիրը շատ հրատապ կարգավորվի։

Կեղտաջրերի կողքով է անցնում նույնիսկ խմելու ջրի խողովակը և չի բացառվում, որ եթե վանսվի խմելու ջրի խողովակը, ամբողջ կեղտաջուրը խողովակով կանցնի դեպի բաժանորդների տներ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր