211652_close_icon
views-count1651 դիտում article-date 09:37 16-04-2026

Երևանի քրեական ոստիկանների կողմից ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ ձերբակալված 42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված «Մեթամֆետամին»-ի թվով 15 տոպրակներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրի բնակիչ ոմն Էդգարը ապօրինի կերպով ձեռք է բերում թմրանյութ, պահում և թաքստոցներում տեղադրելու միջոցով իրացնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Էդգարը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Էդգար Խ․-ն, ով նույն օրը ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Երևանի քրեական ոստիկանություն, իսկ ավտոմեքենան  տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ ձերբակալումը Էդգար Խ․-ն նկատելով ոստիկանության ծառայողներին, փորձել է վազելով մոտենալ իրենից փոքր-ինչ հեռավորության վրա գտնվող ավտոմեքենային, որի ընթացքում սայթաքել և ընկել է գետնին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք, ինչից հետո նոր նրան ձերբակալել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն քրեական ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա է եղել թվով 15 հատ պոլիէթիլենային տոպրակներ՝ «Մեթամֆետամին» թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 7,57 գրամ և նա հայտնել է, որ իր մոտից հայտնաբերվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր