Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, թեկնածուի քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավորները` նոր թեկնածու առաջադրելու մասին
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը:
Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա:
Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը:
Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»: