211652_close_icon
views-count46608 դիտում article-date 11:38 05-01-2022

Երևանում 25–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել կայանված Mercedes-ին. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով  Սարի Թաղ 5-րդ շարքի թիվ 1 տան դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչ,  36-ամյա Կարապետ Ք.-ին, Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Մարինե Ղ.-ին, Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարինե Մ.-ին:  Վրաերթից  հետո  բախվել  է Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Տ.-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով Դավիթ Ա.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Գուրգեն Թ.-ն, վրաերթի ենթարկվածներ Կարապետ Ք.-ն, Մարինե Ղ.-ն և Մարինե Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները,  փակել  գազաբալոնների փականներն ու տուժածներին էլ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վրաերթ-վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր