211652_close_icon
views-count1492 դիտում article-date 10:33 29-12-2021

Պետք է ազգային նոր նախագիծ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպե՞ս եղավ 1988-ի ազգային վերելքը: Ինչպե՞ս ստեղծվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը: Ի՞նչն ապահովեց Առաջին արցախյան պատերազմում հաղթանակը: Այդ հարցերն իմաստ ունե՛ն այսօր, երբ 30 տարի առաջ մեզ ոգեւորող արժեքները արհամարհված են եւ մոռացված, իսկ հասարակությունը գտնվում է խորը ապատիայի մեջ:

Տրամաբանական է ենթադրել, որ 88-ի «աստեղային ժամը» նախապատրաստված էր երկրի նախորդ զարգացմամբ: Այդ տասնամյակներում խորհրդային իշխանությունը թույլատրեց կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, գլխավոր ֆուտբոլային թիմը կոչել «Արարատ», արտոնեց Հովհաննես Շիրազի կամ Պարույր Սեւակի նման գրողների ստեղծագործությունը՝ տաղանդավոր գրողներ, որոնց տողերը ծանոթ էին իրեն հարգող ցանկացած գրագետ հայաստանցուն: Իսկ գրագիտության մակարդակը բարձր էր. հազարավոր մարդկանց տանը կար գրադարան, որտեղ իրենց պատվավոր տեղն էին զբաղեցնում Րաֆֆու հատորները, որոնք պատմում էին մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մասին: Հարյուրավոր ուսանողներ գնում էին ԵՊՀ-ում լսելու Լեւոն Ներսիսյանի դասախոսությունները: «Դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, քո նախնիները վանքեր են կառուցել», – ասում էր նրա հոր՝ Հրաչյա Ներսիսյանի հերոսը Խորեն Աբրահամյանի հերոսին, եւ նման դերասանների առկայությունը նույնպես այն ժամանակաշրջանի հայտանիշներից մեկն էր:

Ահա այն մթնոլորտը կամ, եթե ուզեք, դիցաբանությունը (այդ բառի չեզոք իմաստով), որը ծնեց 88 թվականը եւ դրանից բխող դրական դրսեւորումները: 1960-70-ականների «պաշարը» հերիքեց մինչեւ 1994 թվականը: Ազատության, անկախության, շուկայական հարաբերությունների պայմաններում այդ «պաշարով» առաջ շարժվելը պարզապես անհնարին էր: Դա ո՛չ փնթփնթոց է, ո՛չ կարոտախտ, ո՛չ էլ ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք: Օրինաչափության արձանագրում է. չի կարող որեւէ ազգ գտնվել մշտական վերելքի մեջ. գործընթացն ալիքաձեւ է՝ վերելքներն ու անկումներն հաջորդում են միմյանց: Պատերազմում պարտվելը, Արցախի կորուստը (որն արդեն արձանագրվել է պաշտոնապես) եւ, ամենակարեւորը՝ հասարակության մեծամասնության՝ այդ ամենի հանդեպ բացահայտ անտարբերությունը այն «փոսն» են, որից հետո վաղ թե ուշ սկսվելու է նոր վերելքը:

Հիմա մոդայիկ բառ կա՝ «պրոյեկտ» (նախագիծ): Եկեք պատկերացնենք, որ այն, ինչ 1960-70-ական թվականներին իրականացնում էր խորհրդային իշխանությունը, «պրոյեկտ էր», որը, անկախ մտահղացման հեղինակների մտադրությունից, բերեց դրական հետեւանքների: Հիմա անհրաժեշտ է նոր ազգային նախագիծ, որը, բնականաբար, չի կարող լինել նախորդի կրկնությունը: Ինչպիսին է այն լինելու՝ քննարկելու հարց է: Բայց որ այն դարձյալ պետք է տեւի 20-25 տարի՝ դրանում վստահ եմ: Պետք չէ վախենալ այդ թվերից՝ պատմության համար դա չնչին ժամանակահատված է: Առավել եւս՝ պետք չէ հիասթափվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր