211652_close_icon
views-count1437 դիտում article-date 10:31 25-10-2022

«Քարոզչական» նախագիծ․ ռուսական ներկայությունն Արցախում սահմանափակեց մեր ինքնիշխանությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում եւ խիստ պատիժներ սահմանել ինքնիշխանությունը խախտելու փորձերի համար: Նախագծով առաջարկվում է 12-15 տարվա ժամկետով ազատազրկում նախատեսել «ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունների համար»։ Չեն մոռացել նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր անողներին: Նշենք սակայն, որ փաստաթղթի նախաբանում եւ հիմնավորման մեջ կոչերի մասին հիշատակում կա, իսկ բուն առաջարկվող փոփոխություններում չկա:

Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ ճիշտ է. այն մարդկանց, որոնք ցանկանում են բռնությամբ զրկել մեր պետությունն ինքնիշխանությունից, 15 տարին էլ է քիչ, նրանց ցմահ ազատազրկում է հասնում: «Կոչերի» դեպքում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ. տարբեր արտահայտություններ կարող են մեկնաբանվել կամ չմեկնաբանվել որպես նման «կոչեր»: Օրինակ, ես ցանկանում եմ հետագայում Հայաստանը տեսնել Եվրամիություն վերպետական կառույցի կազմում: Արդյոք նման ցանկություն հայտնելը կհամարվի հանցագործություն:

Ինքնիշխան ենք մենք, թե չէ՝ այդ հարցը մեր քաղաքացիների մեծամասնությանը, որքան հասկանում եմ, առանձնապես չի հետաքրքրում: Բայց նման նախագծի ի հայտ գալն արդարացված է այնքանով, որ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանի ինքնիշխանությունը սկսել է ավելի մեծ փորձությունների ենթարկվել, քան դա եղել է նախորդ 29 տարիների ընթացքում: Թերեւս կհամաձայնեի նաեւ այն մտքի հետ, որ պատերազմի պատճառներից մեկը Ռուսաստանի ձգտումն էր՝ ապահովել իր ռազմական ներկայությունն Արցախում, ինչը, բնականաբար, մեզ ավելի մեծ կախման մեջ դրեց եւ սահմանափակեց մեր ինքնիշխանությունը: Դա չի նսեմացնում մեր իշխանության պատասխանատվության աստիճանը, որի վարքագիծը մինչեւ պատերազմը, մեղմ ասած, թեթեւամիտ էր:

Բայց նման օրենքը, եթե ընդունվի, կունենա ոչ այնքան գործնական, որքան քարոզչական նշանակություն: Դա հնարավորություն կտա իշխանության քարոզիչներին հնչեցնելու «5-րդ շարասյան» իրենց «սիրելի» թեզը: Ըստ այդ քարոզչական սխեմայի՝ ներկա իշխանության բոլոր ընդդիմախոսների երազանքն է՝ Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի կամ միութենական պետության մեջ: Այս նախագիծը կյանքի կոչելը հնարավորություն կտա քարոզիչներին իրենց դուր չեկող ամեն մի ելույթից հետո պաթետիկ տոնով բացականչել՝ «չէ՞ որ օրենք գոյություն ունի, ինչո՞վ են զբաղված մեր իրավապահ մարմինները»: 

Բայց ամենահետաքրքիրը հետեւյալ հանգամանքն է. եթե իր իշխանությունը պահելու համար Փաշինյանն իսկապես միացնի Հայաստանը ինչ-որ «Ռուս-Բելառուսի», այդ նույն (իբր, արեւմտամետ) քարոզիչները կասեն՝ «Դե, ի՞նչ կարող էր անել, նախկիններն են գրպանը գցել»: Եվ խնդրո առարկա քրեական հոդվածն էլ չի գործի՝ այն նախատեսված է «կոչերի» համար, միացնելու համար հո նախատեսված չի՞»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր