211652_close_icon
views-count1545 դիտում article-date 10:43 23-11-2022

Պետք չի գրկել, սիրել և փաղաքշել ՀԱՊԿ լիդերներին, պետք չէ նաև մերժել ու նեղանալ, պետք է աշխատել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօր Պուտինը, Լուկաշենկոն եւ մյուսները ժամանելու են Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ համաժողովին: Մեր քաղաքական դաշտի «արեւմտամետ» հատվածը, կարծում եմ՝ ոչ առանց իշխանությունների խրախուսման, ցույցեր է անելու մասամբ փողոցում, իսկ հիմնականում՝ ֆեյսբուքում: Այնպես չէ, որ այդ համաքաղաքացիների ասածներն ամբողջությամբ սխալ են. վերը նշված երկու ղեկավարներն իրենց «գահերին» են նստած՝ համապատասխանաբար 22 եւ 28 տարի ու ստեղծել են կարծր ավտորիտար քաղաքական ռեժիմներ, որոնք պատմական առումով որեւէ հեռանկար չունեն: Պուտինը նաեւ ագրեսիա է ձեռնարկել հարեւան պետության դեմ եւ խրվել է անիմաստ, կործանարար պատերազմի մեջ: Լուկաշենկոն նրան այդ գործում հնարավորինս աջակցում է:

Այդ ամենն արձանագրելով հանդերձ՝ ես համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ համար ամբողջությամբ անիմաստ կառույց է: Ավելի ճիշտ՝ ռազմական առումով, այո, անիմաստ է՝ կազմակերպությունը չէր պաշտպանում եւ չի պաշտպանելու մեզ ադրբեջանական ագրեսիայից: 2020 թվականին հուլիսի, այդպես կոչված, «տավուշյան մարտերի» ժամանակ մեր իշխանությունները պետք է որ դա հասկանային: Բայց քաղաքականությունն ավելի բարդ եւ ավելի նուրբ առարկա է, քան առօրյա կենցաղային փնթփնթոցը՝ «վայ, ռուսը մեզ քցեց»: Քաղաքական առումով ՀԱՊԿ-ն իմաստ ունի՝ դա մի հարթակ է, որտեղ պետք է աշխատել ճիշտ այնպես, ինչպես եւ ցանկացած այլ միջազգային կառույցում, եւ այստեղ էմոցիաներն ու բողոքները, մեղմ ասած, անտեղի են:

Իսկապես, բացի Ռուսաստանից, որը պաշտոնապես «չեզոք» է, ՀԱՊԿ պետությունները Ադրբեջանի՛, ոչ թե մեր բարեկամներն են: Բայց եկեք մեզ հարց տանք՝ ինչո՞ւ է այդպես: Մի՞թե ամբողջ խնդիրը միայն կրոնի կամ միայն նավթի մեջ է: Ի՞նչ է 30 տարվա ընթացքում արել հայկական դիվանագիտությունը, որպեսզի Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը դառնան նաեւ մեր բարեկամները: Ընդ որում, հասարակական մակարդակում դրա համար որեւէ խոչընդոտ չկա. թե՛ խորհրդային տարիներին եւ թե՛ վերջին տասնամյակներում վերաբերմունքը հայերի նկատմամբ հիմնականում դրական էր ու շարունակում է այդպիսին լինել (եւ դա, ի դեպ, կարող է ավելի մեծ դեր խաղալ, քան կրոնական գործոնը): Արդյոք այդ երկրների հետ հարաբերություններում պատշա՞ճ աշխատանք է տարվել:

Քաղաքագետներից մեկը մի առիթով իրավամբ նկատել է, որ Հայաստանն իր քաղաքականությունն այնպես է կառուցում, կարծես մեր երկիրը գտնվում է Մոսկվայի եւ Բրյուսելի արանքում, ոչ թե այս տարածաշրջանում: Այնպես որ՝ պետք չի գրկել, սիրել եւ փաղաքշել ՀԱՊԿ լիդերներին, պետք չէ նաեւ մերժել ու նեղանալ: Պետք է աշխատել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր