211652_close_icon
views-count1487 դիտում article-date 21:11 17-12-2021

Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվեցին Պրոկոֆևի ստեղծագործությունները

Խաչատրյանի 9-րդ միջազգային փառատոնի հյուրը դաշնակահար Վալենտինա Լիսիցան էր։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Երեկոն նվիրված էր Պրոկոֆևի արվեստին։ Հիշեցնենք, որ խաչատրյանական փառատոնն այս տարի կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը, և փառատոնային յուրաքանչյուր համերգ նվիրված է այս մեծագույն հեղինակների արվեստին։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կատարեց նաև Պրոկոֆևի Թիվ 7 սիմֆոնիան։ 

Դաշնակահարուհի Վալենտինա Լիսիցան նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հաստատել է բարեկամական հարաբերություններ։

«Ես տեղեկացա, որ Սերգեյ Սմբատյանն այս գեղեցիկ նվագախումբն աճեցրել է շատ երիտասարդ տարիքից՝ երիտասարդականից այն դարձնելով սիմֆոնիկ նվագախումբ։ Եվ դա ուղղակի հրաշալի է։ Երկար տարիների աշխատանքի արդյունքում երաժիշտների մոտ ձևավորվել է փոխըմբռնում։ Մեծ հաճույք եմ ստանում այս համագործակցությունից»,- նշում է դաշնակահարուհին՝ ավելացնելով, որ երբ նվագում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, այն տպավորությունն էր, թե նվագախումբը վերցնում է մենակատարին ու տանում երաժշտական ուղևորության։ 

Նշենք, որ Վալենտինա Լիսիցան ոչ միայն դասական երաժշտության առաջին աստղն էր YouTube ինտերնետային հարթակում, այլև առաջին երաժիշտն է, որը համացանցում իր հաջողակ ներկայությունը կարողացել է վերածել միջազգային համերգային կարիերայի Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ասիայի գլխավոր մշակութային կենտրոններում։

Նրա վիրտուոզ կատարումը հագեցած էր ջերմությամբ, գունեղ հնչյուններով, հզոր էներգիայով, ինչը պարուրում էր ունկնդրի հոգին նրբին հույզերով։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 
 

Նմանատիպ նյութեր