211652_close_icon
views-count39362 դիտում article-date 23:49 03-12-2021

AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրներն են, հերոսածին մայրեր, լեգենդ դարձած զինվորներ, սիրված մտավորականներ, բժիշկներ ու լրագրողներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

12 երկար ու ձիգ տարիներ, բյուր հույզեր եւ ապրումներ… 12 անկախ ու հզոր տարիներ՝ Արցախի, Սփյուռքի եւ Մայր Հայրենիքի հետ միասին: 12 դժվար տարիներ, որից 2-ում պատերազմի արհավիրք՝ իր հազարավոր հայորդիների կորստով, 12 աշխատանքային տարիներ, որի ընթացքում արժեւորվել եւ բարձր գնահատանքի են արժանացել մեր հերոսներն ու մեր Հայրենիքի մեծերը: Ավաղ նրանցից շատերը նույնպես մեզ հետ չեն...Սակայն նրանց գործը շարունակվում է եւ այսօր էլ բազմաթիվ հայորդիներ իրենց տեսակով ու ներկայացրած ոլորտով փայլում են Հայաստանի եւ միջազգային հարթակներում: Հենց այս խոհերով ու ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի երգերի ներքո՝ մեկնարկեց AAD-ի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք 12-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

Իհարկե, առաջին խոսքը հոգեւորականինն էր՝ օրհնությամբ ու իր բարեմաղթանքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, այնուհետեւ բեմ բարձրացավ մրցանակաբաշխության հիմնադիր «Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը եւ Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրիկի՝ Գայանե Անտոնյանի հետ միասին հայտարարեցին «Տարվա Սխրանք» անվանակարգի մրցանակակիրների անունները:

Այս անվանակարգում հետմահու մրցանակների արժանացան 44-օրյա պատերազմի հերոսներ Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ Խաչիկ Պողոսյանը, Մարտական ծառայության մեդալակիրներ Գեւորգ Խաչատրյանը,  Ժորա Մարտիրոսյանը, Վարդան Միրզախանյանը,  Արցախի Հանրապետության Արիության մեդալակիր, Մարտական ծառայության մեդալակիր, լեյտենանտ Վոլոդյա Մհերյանը, Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը:

«Տարվա Սխրանք» անվանակարգին արժանացան նաե 44-օրյա պատերազմի մի շարք վիրավոր հերոսներ, այդ թվում՝ Վարազդատ Սանեյանը, Շահեն Բաբայանը, Վահե Աբրահամյանը, Կամո Գեւորգյանը,Ռազմիկ Քամալյանը, որոնց մրցանակները հանձնեց պատերազմում վիրավորում ստացած Դավիթ Ալեքսանյանի մայրը՝ դերասանուհի Աննա Գեւորգյանը:

Իսկ «Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգում մրցանակների հանձնումը վերապահված էր հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանին եւ հաղորդավարուհի Լիլիթ Մելքոնյանին: Այս անվանակարգում մրցանակի արժանացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-յի անդամ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյան մեդալակիր Վազգեն Սիսլյանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, պարուսույց Սոֆի Դեւոյանը, ՌԴ «Միխայիլ Լոմոնոսով» պատվո շքանշանակիր, ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը, Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտիկ, 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը,  ՀՀ վաստակավոր արտիստ, Անդրկովկասյան փառատոնի դափնեկիր, քաղաքային, ժողովրդական եւ աշուղական երգերի կատարող Ալիկ Գյունաշյանը:

«Ներդրած ավանդ» մրցանակները հանձնեցին Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը եւ հասարակական գործիչ Նարինե Հովսեփյանը: Հայ մշակույթում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացան ՀՀ Մարզահամերգային համալիրի տնօրեն, պրոդյուսեր, դերասան Կարեն Ղազարյանը, Երեւանի Պետական համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը: Հայ երաժշտարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դուդուկահար Կամո Սեյրանյանը, հայ թատրոնում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Իրինա Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանը: Իսկ հայ թատրոնում եւ կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը եւ դերասան, հաղորդավար Լեւոն Հարությունյանը, հայ սպորտում ներդրած ավանդի համար՝ WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը, իսկ հայ շանսոնում ներդրած ավանդի համար՝ երգչուհի Ժաննան:

Հայ հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ մշակույթի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը, հայ բժշկության մեջ ներդրած ավանդի համար՝ բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը եւ բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Գոհար Աբրահամյանը:

Ի դեպ, Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը մրցանակաբաշխությանը դատարկաձեռն չէր եկել եւ քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Եղիազարյանի հետ միասին քոլեջի անունից պատվոգրեր ու հուշամեդալներ հանձնեցին քանոնահարուհի, ՀՀ Ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանին՝ հայկական երաժշտական կատարողական արվեստում ունեցած երկարամյա ավանդի համար, ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Նառա Առաքելյանին՝ հայ երաժշտարվեստում ունեցած վաստակի համար, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանին՝ հայ կոմպոզիտորական արվեստում եւ մշակութային կրթության գործում ունեցած ավանդի համար, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանին՝ Հայ ժողովրդական երգարվեստը աշխարհի ժողովուրդներին ներկայացնելու եւ ոլորտում ունեցած երկարամյա ավանդի համար, հունահռոմեական ըմբշամարտիկ, Աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ հայկական սպորտը աշխարհին ներկայացնելու եւ ոլորտում ունեցած ավանդի համար, Աշխարհի եւ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանին՝ հայկական սպորտում ունեցած ավանդի համար, հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանին՝ հեռուստատեսությունում ունեցած երկարամյա ավանդի համար, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանին՝ հայ թատրոնում եւ կինոարվեստում ներդրած ավանդի համար, դերասան Անդրանիկ Հարությունյանին՝ հայ կամերային թատերարվեստում եւ կինոարվեստում ներդրած ավանդի համար:

Վերադառնալով AAD-ի մրցանակակիրներին՝ նշենք, որ Սփյուռքի ներկայացուցիչներին մրցանակներ հանձնեցին բժշկական գիտությունների թեկնածու Նարեկ Մելքոնյանը եւ լրագրող Նանա Սարգսյանը: Սփյուռքի լավագույն գործարար անվանակարգին արժանացավ Արաբո Գրիգորյանը (Ռուսաստան), Սփյուռքի լավագույն խմբագիր անվանակարգին՝ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Թիկունքի ամրապնդման գործում ներդրած ավանդի, հայրենանվեր նախաձեռնությունների իրագործման, վիրավոր եւ հաշմանդամ տղաներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար մրցանակի արժանացան Newsmedia լրատվական գործակալության հիմնադիր, «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ, լրագրող Գայանե Զարգարյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, Սեյրան Յայլախանյանը, գործարար Արմեն Պետրոսյանը:

Իսկ լավագույն քաղաքական գործիչների մրցանակները հանձնելու պատիվը վերապահված էր Երեւանի ավագանու անդամներ Թեհմինա Վարդանյանին եւ Դավիթ Խաժակյանին: ՀՀ Ազգային ժողովի լավագույն հանձնաժողովի նախագահ անվանակարգին արժանացավՄարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Տարվա լավագույն պատգամավոր անվանակարգին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Տարվա լավագույն համայնքային գործիչ անվանակարգին արժանացավ Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, իսկ տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար անվանակարգին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Հասարակություն-ոստիկանություն անվանակարգերում մրցանակները հանձնեցին պետական գործիչ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Արտաշես Ավոյանն ու Անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոն, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալակիր, ծանրամարտուհի Նազիկ Ավդալյանը: Հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակի արժանացավ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ՀԿՊ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի մարտական 1-ին խմբի հրամանատար, սերժանտ Արամ Կարապետյանը (Արաբո), հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Ռուբիկ Սահակյանը:

Լավագույն մարզիկներին եւ հոգեբաններին մրցանակ հանձնելու պատիվը վերապահված էր փաստաբան Գարիկ Գալիկյանին եւ քանդակագործ Անահիտ Մովսիսյանին: Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգին արժանացավ ազատ ոճի հայ ըմբիշ, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն, ոսկե մեդալակիր Արսեն Հարությունյանը, լավագույն մարզիկ անվանակարգին՝ Կարատեի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, լավագույն հոգեբան անվանակարգին՝ հոգեբան Լիլիթ Խաչատրյանը, լավագույն լոգոպեդ անվանակարգին՝ լոգոպեդ Մերի Շաբոյանը:

Տարվա լավագույն երիտասարդ երգիչ անվանակարգին արժանացավ երգիչ Գեւորգ Սիրեկանյանը, լավագույն աշխատասեր երգիչ անվանակարգին՝ երգիչ Վովա Ահարոնյանը, լավագույն հայրենասիրական երգիչ անվանակարգին՝ երգիչ Գարսի Միտոյանը, լավագույն կերպարային երգիչ անվանակարգին՝ երգիչ Հայկ Դուրգարյանը,

լավագույն կերպարային երգչուհի անվանակարգին՝ Օկսի Ավդալյանը, Տարվա հայտնություն անվանակարգին՝երգչուհի Դիանա Հարությունյանը եւ երգիչ Սարգիս Աբրահամյանը: Տարվա դուետ անվանակարգին արժանացան երաժիշտ- գործիքավորողներ Կարեն Համբարձումյանը եւ Սեւակ Մելքոնյանը, Տարվա լավագույն երգիչ անվանակարգին՝ երգիչ Արամ MP3-ին, իսկ Տարվա լավագույն երգչուհի անվանակարգին՝ երգչուհի Սոֆի Մխեյանը: Լավագույն երաժշտական համույթ անվանակարգին արժանացավ Սյունիք Դհոլահարների համույթը (գեղ. Ղեկավար` Ռաֆայել Մարտիրոսյան), լավագույն երաժիշտ անվանակարգին՝ դաշնակահար Սարգիս Ատամյանը:

Տարվա լավագույն կերպարային դերասանուհի անվանակարգին արժանացավ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, լավագույն սիթքոմ դերասան անվանակարգին՝ դերասան Գարիկ Սեփխանյանը: Տարվա լավագույն սերիալային դերասան անվանակարգին արժանացավ դերասան Ալեքսանդր Բաբասյանը: Տարվա լավագույն դերասան անվանակարգին արժանացավ դերասան Գրիգոր Դանիելյանը, իսկ լավագույն դերասանուհի անվանակարգին՝ դերասանուհի Թամարա Տոմա Պետրոսյանը:

«Տարվա մեդիա» մարդ անվանակարգին արժանացավ պրոդյուսեր Արման Միտոյանը, լավագույն նկարչուհի անվանակարգին՝ Աննա Հարությունյանը, լավագույն փաստաբան անվանակարգին՝ փաստաբան Աշոտ Նուրիջանյանը:

Հայ ռադիոյում երկարատեւ գործունեության համար մրցանակի արժանացավ հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը: Տարվա լավագույն լրագրող անվանակարգին արժանացավ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ARMLUR.am լրատվական կայքի լրագրող, 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած Սեւակ Վարդումյանը, լավագույն համարձակ լրագրող անվանակարգին՝ irakanum.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

Մրցանակաբաշխությունը նշանավորվեց նաեւ երկու երգի պրեմիերայով: Վրեժ Կիրակոսյանը եւ Հարություն Խաչատրյանը ներկայացրեցին իրենց նոր «Հայ զինվոր» զուգերգը, իսկ Ալլա Լեւոնյանը կատարեց իր «Հայրենիք» երգը: Երգեց նաեւ երգչուհի Ժաննան եւ գեղեցիկ կատարումով հանդես եկավ «Սյունիք» դհոլահարների համույթը (գեղ. ղեկավար Ռաֆայել Մարտիրոսյան):  Ի դեպ, նշենք, որ մրցանակաբաշխությունն այս տարի վարեցին դերասանուհի Աննա Ավետիսյանը եւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը: Իսկ վերջում արդեն ավանդական դարձած խաղարկությունը, որին մասնակցում են մրցանակաբաշխության բոլոր ներկաները վարեց դերասան Ալեքսանդր Բաբասյանն՝ իր յուրահատուկ հումորով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1065+
1065+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր