ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի հետ
Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։
Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։
Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման շուրջ:
Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասեական արձագանքի կարևորությունը։
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։