211652_close_icon

Գեղարքունիքի մարզպետը և Նիդերլանդների դեսպանը պայմանավորվել են համատեղ խթանել մարզի սոցիալ-տնտեսական ներուժի զարգացումը

views-count1379 դիտում article-date 20:34 26-11-2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ բարձր է գնահատում այս այցը և վստահ է, որ կողմերը կգտնեն համագործակցության եզրեր՝ ի շահ հայ-Նիդերլանդական բարեկամության խորացման և ամրապնդման, Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Նիկո Սխերմերսը զրույցը սկսեց հայերենով. «Հարգարժան մարզպետ, ուրախ եմ ծանոթանալ Ձեզ հետ, ուրախ եմ քննարկել հայ-Նիդերլանդական հարաբերությունները, խոսել դեսպանատան նախագծերի մասին։ Մեր դեսպանատունն իրականացնում է ծրագրեր մի շարք ուղղություններում, եթե լինեն առաջարկներ, կարող ենք քննարկել»,- նշեց դեսպանը և հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզի սահմաններին տիրող իրավիճակով, մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցերով, մարզի տուրիստական գրավչություններով, գյուղատնտեսության, բիզնեսի զարգացման, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման հեռանկարներով։

Ինչպես նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը՝ այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը խանգարում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, անասնակերի հավաքին, վարուցանքին։ «Օրեր առաջ մեր մարզի սահմաններում մարտական հերթապահության ընթացքում հակառակորդի կրակոցից զոհվեց մեր ժամկետային զինծառայողը»,- ներկայացրեց մարզպետը և հույս հայտնեց, որ Նիդերլանդական կողմն այսուհետ էլ շարունակելու է նպաստել դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանը։

Դեսպանը նշեց, որ դիվանագիտական լծակներով Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ վերադարձնել գերեվարված անձանց և դադարեցնել ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ։ Դեսպանը միաժամանակ տեղեկացրեց, որ Նիդերլանդների դեսպանատան կողմից մի հետաքրքիր ծրագիր է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Նավասարդ Ագրո» թռչնաֆաբրիկայում։ «Համաձայն այդ ծրագրի՝ գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի ոլորտներում աշխատանքի են ընդգրկվում տարեց մասնագետները՝ անվճար կարգով մասնագիտական խորհրդատվություն իրականացնելու համար։ Ձեռնարկատերերը հոգալու են միայն սննդի և գիշերակացի կարիքները։ Կարծում եմ, որ դա նկատելի օժանդակություն կլինի ձեռնարկատերերին։ Ունենք նաև այլ ծրագրեր, որոնց մասին կխոսենք համապատասխան առաջարկություն ստանալու դեպքում»,- հավաստեց Նիկո Սխերմերսը։

Այս մասով պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ մարզի համար շահավետ ծրագրերը առաջիկայում ներկայացնել գրավոր կերպով և համատեղ ուժերով խթանել սոցիալ-տնտեսական ներուժի զարգացումը։ Անդրադառնալով այս տարվա դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ մարզպետը շեշտեց, որ քարոզարշավն ու մյուս գործընթացներն ընթանում են առանց ավելորդ միջադեպերի և լարվածության, բացառապես օրենքի շրջանակներում։ «Համայնքների խոշորացումը նպաստելու է մեր բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ներդրմանը, տեղական ինքնակառավարման կատարելագործմանն ու ուժեղացմանը։ Նոր պայմաններում մենք ծրագրերի իրականացման ավելի հստակ առաջարկներ կներկայացնենք, մեր մարզի տարածքում կաջակցենք բոլոր համատեղ ծրագրերի իրականացմանը»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Մարզպետը, քաջատեղյակ լինելով դեսպանի նախասիրության, քայլարշավների և Հայաստանի տեսարժան վայրերի բացահայտման հանդեպ հետաքրքրվածության մասին, առաջարկեց 2022 թվականի գարնանը միասին քայլարշավ կազմակերպել դեպի Արմաղան լեռ, որը գտնվում է  Սևանա լճից դեպի հարավ, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։1

Նմանատիպ նյութեր