211652_close_icon
views-count1653 դիտում article-date 21:35 11-11-2021

Կմաքրվի Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա անտառաշերտը. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը նոյեմբերի 15-ից կմեկնարկի:

Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցիս շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է Սևան ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, որտեղ նոյեմբերի 15-ից վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով։

Նախարարը տեղում ծանոթացել է ձեռք բերված նոր տեխնիկային և այն տարածքներին, որտեղ մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն:

«Հիշեցնեմ, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ, շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցով:

2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում:

2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ «Սևան» ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր