211652_close_icon
views-count6378 դիտում article-date 13:37 07-10-2021

Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որ պատվաստված չլինի. վարչական լծակները գործադրեք. Փաշինյան

Պատվաստման տեմպն արագացել է, բայց դա բավարար տեմպ չէ. ցավոք սրտի դեռ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն խաթարում են ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում եւ անհիմն վախեր է ներշնչում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շատ եվրոպական եւ ասիական երկրներ պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք եւ ինչ շահեր են հետապնդում, որ Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,-ընդգծեց Ավանեսյանը:

Նախարարի դիտարկմանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ես ասեմ՝ ինչ շահ ունեն. մենք կարող ենք հետ գնալ, տեսնել այդ մարդկանց քարոզչությունն ինչ է: Սկզբից երբ մարդիկ սկսեցին կովիդից մահանալ, նրանք ամեն օր այդ մահերը վերցնում էին եւ քաղաքական շահարկման առարկա դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: Էս է իրենց ուզածը:

Ինչո՞ւ ենք ընդհանրապես բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ասում կամ անում. պետությունն ունի պարտավորություն, վարչական  լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես չեմ ուզում առողջապահության նախարարությունից լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի բոլոր լծակները, ընդունել է համապատասխան իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ եւ գնալ պատվաստման: Ես տեսնում եմ, որ շարժում է ձեւավորվում Հայաստանում, ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: ասում են՝ ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն, գնան մեր հաշվին բուժվեն:

Որոշ մարդիկ ասում են՝ պետությունը լրացուցիչ ծախս է դնում քաղաքացու վրա ամիսը երկու անգամ թեստ պահանջելով: Ոչ ծախս չենք դնում, մենք անվճար պատվաստում ենք իրականացնում: Այն ժամանակ ասում էին՝ Հայաստանը պատվաստանյութ չունի, հեսա կպրծնի, էս չկա, էն չկա: Ինչո՞ւ ենք կենտրոնանում, թե ով ինչ է ասում: Մարգինալ ուժեր են, ինչ ուզում է ասեն: Ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, գնացել հարցը լուծեք:

Շատ վատ է պատվաստման թվերը, եւ ոչ մեկից չբողոքեք: Գալիս էստեղ միջնորդում եք, որ այսինչ աշխատողը վախենում է պատվաստվել»:

Փաշինյանը հավելեց, որ պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որ պատվաստված չլինի. «Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխան են կրում դրա համար: Ոչ ոք չի կարող մեզ խանգարել, գնացեք խնդիրները լուծեք: Երեկ թիվ եք տվել, որ 6000 մարդ է պատվաստվել»:

Նմանատիպ նյութեր