211652_close_icon
views-count14050 դիտում article-date 22:45 02-08-2020

Դու չունես պետական մտածողություն, և չպետք է լինեիր Հայաստանի պետական համակարգում. Բաց նամակ Զարեհ Սինանյանին

Կանադայի, Տորոնտո քաղաքի համայնքային և հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը բաց նամակով դիմել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, որում նշված է: «Բարև Զարեհ: Հետդ պետք է խոսեմ պարզ, հասկանալի և տղամարդուն վայել լեզվով: Անկեղծ ասած, երկար եմ մտածել այս բաց նամակի վերաբերյալ` գրել, թե` ոչ, սակայն տեսնելով քո կողմից իրականացվող քայլերը, կապված հայկական սփյուռքի կառույցների հետ` որոշեցի գրել: Չլսելու և չտեսնելու տալն այն ամենը, ինչն ի կատար է ածվում քո թեթև ձեռամբ` այլևս անհնար է: Նախ` ինձ համար զարմանալի էր այն հանգամանքը, թե ինչպես դու, որպես սփյուռքի գլխավոր հանձակատար որոշեցիր հենց այս պահին գնալ արձակուրդ: Մեր երկիրը փաստորեն գտնվում է պատերազմական վիճակում և թշնամու արձակած կրակոցները ոչ միայն Արցախում են, այլ նաև ՀՀ պետական սահմանին: Ունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում մինչև Օգոստոսի 9-ը, և Աստված մի արասցե` ցանկացած պահի կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, որ անհրաժեշտություն առաջանա անհապաղ համախմբել ու կոորդինացնել դրսում գործող հայկական սփյուռքի կառույցները քո ղեկավարած գրասենյակի կողմից: Դրան միայն ու միայն մեկ պատասխան կա` դու չունես պետական մտածողություն, և չպետք է լինեիր Հայաստանի պետական համակարգում, զբաղեցնելով մեր ազգի և երկրի համար խիստ կենսական նշանակություն ունեցող պաշտոնը: Քեզ համար սփյուռքը սահմանափակվում է Գլեդեյլով և Լոս Անջելես Նահանգով: Սակայն հայկական սփյուռքի պատկերացումներն այլ են հայկական դասական սփյուռքի վերաբերյալ: Այլ են նաև մեր մոտեցումները սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը դեռևս Հայաստան-Սփյուռք համաժողովներից, և առավել ևս` ՀՀ Սփյուռքի Նախարարության հիմնադրման օրվանից, մշտապես եղել է աշխարհասփյուռ հայության կողքին` իր հնարավորության սահմանններում օգնել և օժանդակել է հայկական համայնքներին բազմապիսի ազգանվեր, բարեսիրական մշակույթային ծրագրեր իրականացնելիս, ինչպես նաև դեսպանությունների հետ համատեղ համակարգված ձևով կորդինացրել և կազմակերպել է այդ համայնքներում տարբեր քաղաքական կառույցների հետ աշխատանքը: Կարծում եմ կարիք չկա թվարկելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են մինչև քեզ «գործուղելը» Գլենդելից Երևան, քանի որ վստահ եմ, որ գրասենյակի աշխատակիցները հավուր պատշաճի կարող են ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սփյուռքի հետ տարվող աշխատանքներում: Ի միջ այլոց` նախկինում կյանքի կոչված ծրագրերի մի մասը այսօր էլ քո իսկ ղեկավարած կառույցը անվանափոխված ձևով փորձում է կյանքի կոչել: Իսկ ինչ ունենք մենք 2018 թվականից առ այսօր սփյուռքի հետտարվող աշխատանքներում: Կարող եմ վստահորեն պնդել` ՈՉԻՆՉ: ՈՉԻՆՉ, քանի որ քո պատկերացումներով դու փորձում ես ապակենտրոնացնել աշխատանքը սփյուռքյան կառույցների հետ, չհասկանալով մեկ պարզ ճշմարտություն. մինչ օրս դասական սփյուռքն է եղել համայնքներում այն շարժիչ ուժը, որի միջոցներով են պահպանվել հայկական եկեղեցիները, հայկական դպրոցները, Հայկական ավանդույթներն ու լեզուն: Այդ կառույցներն են օտարության մեջ կյանքի ու մահի կռիվ տալիս, որպեսզի մեր երեխաները կարողանան հայ մնալ` ճանաչել հայ եկեղեցու պատմությունը եւ հայ գրականությունը: Շատ լավ հասկանում եմ քեզ, որ փորձում ես աշխարհում արդեն իսկ հնացած և անընդունելի, հետամնաց և անհեռանկար ապազգային լիբերալ մոտեցումներդ մաքսիմալ ձևով ներմուծել Հայաստան, սակայն այստեղ էլ քեզ պետք է տխրեցնեմ` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ: ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ, որովհետեւ մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք: ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ, որովհետև մենք Աստծով ծնված, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանած ազգ ենք: Որքան էլ փորձեք կոտրել հայի գենետիկ ԿՈԴԸ այսօրվա քո քաղաքական թիմի հետ միասին, միևնույնն է` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ: Ժամանակի ընթացքում կհասկանաս նաև, որ արևմտյան սփյուռքի և արևելյան սփյուռքի հայկական համայնքներում հիմնական շարժիչ ուժը, դա` դաշնակցությունն է: Ուզես, թէ չուզես, դա այդպես է, և եթե այսօր նրանք որևէ ձևով չեն արձագանքում այս ամենին, դա դեռ չի նշանակում. որ համամիտ են: Վստահեցնում եմ` շատ պարագաներում լռությունը շատ ավելին է, քան դու ի վիճակի ես պատկերացնել: Չմտածես, թե հանձն եմ առել դաշնակցության պաշտպանությունը: Քավ լիցի… Այդ աշխարհասփյուռ հզոր և կազմակերպված հայկական կառույցը իմ պաշտպանության կարիքը չունի: Ես երբեք չեմ ունեցել կուսակցական պատկանելիություն, և չեմ էլ պատրաստվում երբևէ ունենալ: 2006 թվականից մինչև օրս իմ կուսակցությունը եղել է Հայկական Բանակը, որին խոնարհաբար աջակցում և ծառայում եմ մինչ օրս` տարբեր ծրագրեր իրականացնելով սփյուռքից դեպի Արցախի Հանրապետություն: Գործող իշխանությունը քեզ Հայաստան բերելով, հենց ինքն է հայտնվել մի իրավիճակում, երբ հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում, քանի որ կասկած չունեմ, թե ինչպիսի խոստումներ կարող էիր տալ նրանց: Օրինակ` թե քո նշանակումով քանի սփյուռքահայ գործարար կարող է ներդնումներ իրականացնել Հայաստանում, քանի սփյուռքահայ ընտանիք կարող է վերադառնալ Հայաստան մշտական բնակության, որ այո` ՀՀ բնակչության թիվը հասնելու է հինգ միլիոնի: Սակայն հետո, շատ կարճ ժամանակ անց անիրատեսական համարեցիր այդ քո արտահայտած նույն միտքը: Հավանաբար մտածում էիր, որ կապեր ունես այն քաղաքում, որտեղ որ ապրել ու մեծացել ես, և ինչպես կարող ես օգտագործել այդ կապերը Հայրենիքի զարգացման գործում: Սակայն առաջինը հենց այդտեղ արձանագրեցինք զրո արդյունք: Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ լուրջ սփյուռքահայ գործարարի անուն, որը քո գրասենյակի միջոցով ցանկություն է հայտնել ներդնում կատարելու Հայաստանի Հանրապետությունում: Չկա որևէ մեկ առարկայական լուրջ ծրագիր, որն իրականացվել է այս երկու տարիների ընթացքում քո ղեկավարած գրասենյակի կողմից, բացի ձեր սիմվոլիկ դարձած հեռակոնֆերանսներից համայնքների հետ: Չասես, թե թագավարակը պատճառ հանդիսացավ, որ աշխատանքները դանդաղեն, քանզի մինչ թագավարակը դու և քո նախկինը, որ հիմա գտնվում է ՀՀ ԱԺ –ում բավարար ժամանակ ունեիք լավագույնս օգտագործելու այն ահռելի ժառանգությունը, որը ստացել էիք: Այն ստեղծվել էր զրոյից: Այո, Զարեհ, բառից բուն իմաստով` զրոյից: Ժառանգություն, որը կայացել էր, և աշխատում էր գերմանական ճշտությամբ: Այն ուներ լուրջ կադրային բազա և պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը լավագույնս ընկալում էր, թէ որն է դասական սփյուռքը իր բոլոր կառույցներով, և ինչպես պետք է աշխատել ու կորդինացնել այդ աշխատանքը: Կառույց, որն իր գոյության ընթացքում իրականացրել է քսանից ավելի համահայկական ծրագրեր, ապացուցել ու փաստել է իր գոյության անհրաժեշտությունը և պիտանելիությունն ազգին, երկրին ու պետությանը: Ավելի քան վստահ եմ, որ քո մոտեցումները լրիվ այլ են: Քոնը` եղածը և կայացածը չգնահատելն ու քանդելն է: Քոնը` քո իսկ ղեկավարած կառույցում սփյուռքի հետ աշխատելու ահռելի փորձ ունեցող, սփյուռքի «լեզուն» և մտածելակերպը հասկացող մարդկանց գործից ազատելն է: Հասկանո՞ւմ ես, սփյուռքի համար, այդ թվում` ինձ համար անընդունելի է այն, որ քո աշխատակիցներն ազատվում են մի ժամանակահատվածում, երբ ինքդ վայելում ես քո Գլենդելյան ամառային հանգիստը: Մարդիկ, մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք եղել են ոչ թե հասարակ աշխատակիցներ, այլ իրենց գործի իսկական ՆՎԻՐՅԱԼՆԵՐ: Նրանք աշխատել են օր ու գիշեր: Տաս տարի անընդմեջ կապի մեջ են եղել սփյուռքի կառույցների հետ ամենօրյա ռեժիմով` գիշերը ցերեկ են արել իսկ ցերեկը գիշեր, և հիշեցնեմ` այդ ամենը չի ստեղծվել և թրծվել մեկ օրում, այլ ձեւավորվել է տարիների ընթացքում իրենց ղեկավարի պահանջկոտության եւ անդադար աշխատանքի արդյունքում: Բայց սա դու չես հասկանա, այսպիսի մոտեցումը քեզ հասու չէ… Ինձ սխալ չհասկանաս` նրանցից և ոչ մեկը իմ պաշտպանության կարիքը չունի այսօր, և ես շատ լավ հասկանում եմ, որ քո գրասենյակին բաժին հասավ հավանաբար սփյուռքի նախարարության այն հաստիքացուցակը, որը որ չէր կարող տեղ գտնել հանձնակատարի գրասենյակի մեջ: Եթե այս ամեն կրճատումները պետք է արվեին, ապա ինչու՞ այսքան հապաղեցիր, ինչու՞ չարեցիր այն ժամանակ երբ գործուղվեցիր Գլենդեյլից Երևան: Ինչու-ները շատ շատ են… Եվ ամենակարևորը` միթե այդ մարդիկ արժանի չէին հասարակ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅԱՆ իրենց կատարած աշխատանքի և ծառայության համար, թե` նրանք էլ պիտակվեցին որպես նախկիններ որոնցից ձերբազատվեցիր: Իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում Կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ կարող եմ քեզ հավաստիացնել, որ մարդիկ իսկապես տարակուսած և զայրացած են քո լռությամբ: Տարակուսած և զայրացած են, որ քո քաղաքական թիմը ՀՀ ԿԳՄՍ ոչ բարով նախարարի ձեռամբ ոչնչացնում է հայեցին, ազգայինը, հայ ավանդական արժեհամակարգը, ամեն հայկականը: Կրկնում եմ` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ… Ավելին` որքան էլ որ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հոխորտա եւ անվանի այն ռեֆորմ կամ բարեփոխում , միևնույնն է` ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մարդիկ հարցնում են` «Որտեղ է սփյուռքի գրասենյակի արձագանքը…»: Չէ՞ որ դու գիտես, թե դրսում ինչպիսի գին պետք է վճարի հայ ընտանիքը, որպեսզի երեխային հայ մեծացնի, և հայեցի կրթի: Իսկ մի գուցե չգիտե՞ս… Որտե՞ղ է քո մտահոգ վիճակդ այս ամեն աղաղակող ազգադավ անբարոյականության հանդեպ, որ այդտեղ տեղի է ունենում` աղավաղելով Հայոց Պատմություն առարկան, Հայ Գրականությունը` ըստ էության վերացնելով դրանք: Պատասխան չունես… Գիտե՞ս ինչու. որովհետև դա ձերը չէ, ձերը` «հուզանք ու զանգ»-ն է, ձերը` կարաբինաններն են, ձերը` մելերն են, ձերը` երեխաների սեռական դաստիրակությունն է վեց տարեկանից: Շարքը երկար է, կարող եմ շատ թվարկել, սակայն դու լուռ ես, և լուռ էլ կմնաս այս ամեն անբորայականության հանդեպ, որ կատարվում է: Սակայն մեր տեսակը այլևս չի կարող լռել, որովհետև մերն, ի տարբերություն քեզ և քո քաղաքական թիմի` Ազգայինն է, Հայոց պետությունն է, Հայոց Բանակն է, Հայ Եկեղեցին է, Հայ ավանդական արժեքներն են, համայնքային կառույցներն ու կազմակերպություններն են: Նաև` պետք հիասթափեցնեմ քեզ` իմ ազգային և ընտանեկան արժեհամակարգը մնայուն է ի տարբերություն քոնի, որ ուշ թե կանուխ` երկրիցս հեռանալու է: Ի սեր Աստծո կանգ առեք, պետք չէ չարաշահել Աստծո համբերությունը: Մնաս բարյավ: Խորեն Մարդոյան Կանադայի, Տորոնտո քաղաքի Համայնքային եւ հասարակական գործիչ»:

Նմանատիպ նյութեր