211652_close_icon
views-count1525 դիտում article-date 15:20 28-09-2021

Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա հանձնաժողովը ՔՊ-ին կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել և ֆիքսել, որ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում, որի օրակարգում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հանձնաժողովին մեղադրեց անգործության մատնվելու մեջ: «Երկու ամսվա ընթացքում ԱԺ պաշտպանության հարցերով միակ հարցը, որ ամեն անգամ քննարկվում է, և եզրակացության չենք հանգում, դարձել է պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Երկու ամսվա ընթացքում պաշտպանության հանձնաժողովում օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որևէ նախագիծ, որևէ օրենսդրական նախաձեռնություն»,- ասաց նա:

Արթուր Ղազինյանը ևս շեշտեց, որ արդեն 5-րդ նիստն են անցկացնում ՝ արարողակարգային, ընթացակարգային հարց քննարկելու համար: «Եվ խնդիր, որը կապված է երկրի պաշտպանության և անվտանգության հետ, չենք ունեցել»,- ասաց նա:

Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի նիստի օրակարգում ներառել ևս մեկ հարց: «Չհերքվեց, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ-ն առաջարկել է պատերազմը կանգնեցնել: Հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք 356 զոհ, այսօր մոտ 3900: Եթե ամսի 7-ին կանգներ, մենք կունենայինք պակաս թվով զոհեր: Դաշտում ընկած մեր զինվորների հարազատներն իրավունք ունեն՝ իմանալու, թե ինչ հանգամանքներում է այդ որոշումը կայացվել, արդյոք տեղի ունեցե՞լ է համալիր քննարկում, իրավիճակի ուսումնասիրություն, որի հիմքով պատերազմը չկանգնեցնելու որոշում է կայացվել: Առաջարկում եմ ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու հանգամանքները, մոտիվացիան, պատճառները, որոշմանը մասնակցող սուբյեկտների շրջանակը, նրանց կոմպետենտությունը»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը օրակարգը հաստատելու համար քվեարկությանն ասաց, որ Ղազինյանի առաջարկը չի կարող ընդգրկվել, քանի որ ընթացող նիստն արտահերթ է: «Եթե Ղազինյանն առաջարկ ունի, կանոնակարգ օրենքը տալիս է հնարավորություն՝ արտահերթ նիստի պահանջ ներկայացնել, և դա կբավարարվի անմիջապես»,- ասաց նա ու առաջարկեց անցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին:

Ղազինյանը նշեց, որ իր առաջարկը մերժվել է, օրակարգն իր համար սպառված է և դուրս եկավ նիստերի սրահից: Սրահը լքեցին նաև Գեղամ Մանուկյանը, ապա Արամ Վարդևանյանը:

Տիգրան Աբրահամյանն էլ, դիմելով իշխանությանը, ասաց. «Կարծում եմ՝ այս իրավիճակում, անկախ այս 2 ամսվա ընթացքում ստեղծված իրավիճակից, դուք որպես մեծամասնություն, երկխոսության դիրքերից ելնելով պետք է ուղղակի փոխնախագահի պաշտոնում հաստատեիք ընդդիմության առաջադրած թեկնածուին, և այս անիմաստ արտահերթ նիստերին վերջ կտայինք, կանցնեինք առաջ: Լավ կլինի, որ դուք երկխոսության ձեր սկզբունքից ելնելով, մեր առաջադրած թեկնածուին հաստատեք, անցնենք առաջ»:

Հանձնաժողովի նախագահը հավելեց. «Թեկնածուն շատ «հարգալից դրսևորումներով» կրկին լքեց «խրամատը»: Ո՞րն է լուծումը. կամ ընդդիմությունը պետք է երկխոսություն սկսի իշխանության հետ, Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ: Բայց, երբ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ ներկայացնում է Ղազինյանին, անընդհատ շանտաժ է պարտադրում կոնկրետ մեր հանձնաժողովին»:

Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց: Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ պետք է իրավական լուծում տրվի: «Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա հարկադրված կլինեն առաջարկել ՔՊ խմբակցությանը՝ հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներին համապատասխան. եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու»,- ասաց նա:

Քոչարյանը նաև առաջարկեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստին իր բացակայության ընթացքում իրեն փոխարինի, այսինքն՝ նիստը նախագահի Արմեն Խաչատրյանը: Առաջարկն ընդունվեց քվեարկությամբ:
 

Նմանատիպ նյութեր