211652_close_icon
views-count1935 դիտում article-date 15:25 05-10-2021

Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ ընդդիմության թեկնածուն  կրկին Արթուր Ղազինյանն է, ում հերթական անգամ ներկայացնելու կարիք չեն տեսնում:

«Խնդրում ենք դիրքորոշում արտահայտեք, որովհետև այս ամենն արդեն շատ երկարեց: Մեր կողմից կա կոնկրետ առաջարկ»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ շեշտեց, որ այդ խնդիրը շուտ կամ ուշ պետք է լուծում ստանա:

««Հայաստան» խմբակցության առաջնորդը՝ նկատի ունեմ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, որևէ առաջարկ չի՞ արել թեկնածուին փոխելու»,-հարցրեց նա՝ Նազարյանին:

Նազարյանն արձագանքեց, որ այդ հարցը քննարկել են խմբակցությունում և կայացրել որոշում, որ կրկին Ղազինյանը լինի թեկնածուն:

Արթուր Ղազինյանն էլ նշեց, որ արդեն վեցերորդ անգամ են այդ նույն հարցը քննարկում, և այդ ընթացքում իրեն ուղղել են 18 հարց:

«Մինչև թեկնածուի ընտրությունը քննարկում կազմակերպելն ունի մեկ նպատակ՝ պարզել մոտիվացիան՝ թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու համար: Թեկնածուին պերմանենտ հարցաքննության ենթարկելու ցիկլը, ինչին, կարծես թե, վերածվում է սա՝ անընդունելի է: Հնչած հարցերի մեջ մեկը կամ երկուսն էին վերաբերում այն գործին, որի շրջանակում պետք է հետագայում աշխատենք»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ հարցերին պատասխանելուց երբեք չի խուսափել:

Ղազինյանն ընդգծեց՝ ինքնանպատակ հարցուպատասխանի, արձագանքների, ելույթների և այլնի մասով իր մասնակցությունը նպատակահարմար չի համարում՝ նշելով, որ այդ հարցը իշխանության պատասխանատվության տիրույթում է:

Նա շեշտեց՝ իրենց համար այդ ընթացակարգով այդ օրակարգն, այսուհետ, սպառված է:

«Իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը՝ ենթարկվել իր պահանջներին, փոխել թեկնածուին: Եվ ընդդիմությունն այս պաշտոնը կամավոր չի զիջելու իշխանությանը: Հետևաբար, ես ուզում եմ ձեզ թողնել մենակ, եկել է մեր հարցեր տալու ժամանակը, և այդ հարցերը հնչելու են ձեզ համար շատ ցավոտ ու շատ վտանգավոր, հետևաբար, դուք ձեր մեջ ձեր հարցերը տվեք, ձեր պատասխանները ստացեք, ձեր քվեարկությունն ապահովեք ու ձեր որոշումը հրապարակեք»,-ասաց Ղազինյանն ու դուրս եկավ սրահից:

ՔՊ-ից Քրիստինե Պողոսյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի որևէ թեկնածու՝ որևէ տեղ առաջադրված, չի ստացել իր դրական քվեն, չի ստանա նաև Արթուր Ղազինյանը, և «Հայաստան» խմբակցությունից ներկայացված որևէ այլ թեկնածու:

«Դա իմ դիրքորոշումն է կոնկրետ «Հայաստան» դաշինքին»,-նշեց նա:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս, որ ընդդիմությունը նոր թեկնածու ներկայացնի: ««Հայաստան» խմբակցությունում ուրիշ թեկնածու չկա՞ր»,- հարցրեց նա:

Քվեարկությամբ, որին միայն ներկա էին իշխանական խմբակցության պատգամավորները, Ղազինյանը չընտրվեց:

Նմանատիպ նյութեր