211652_close_icon
views-count175104 դիտում article-date 11:48 28-09-2021

Նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հրազենի գործադրմամբ կատարված սպանությունից, սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։ 

Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել է նաև ծեծկռտուքի։

Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի և վարչության պետի տեղակալ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։ 

Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արմեն Մուրադյանի, Հարություն Մանուկյանի և Վահագն Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Գասպարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Կ. Մելքոնյանը։

Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել էին տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեին նշված վայրում։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել էի ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կային նաև կրակոցի հետքեր։ 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել էր Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել էին արնանման հետքեր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր