211652_close_icon
views-count198989 դիտում article-date 05:51 28-09-2021

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի և վարչության պետի տեղակալ Ա. Պետրոսյանի  գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետի տեղակալներ Արմեն Մուրադյանի, Հարություն Մանուկյանի և Վահագն Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Գասպարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Կ. Մելքոնյանը։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն նշված վայրում։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կան նաև կրակոցի հետքեր։ 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ 

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ-ն։ Վերջիններս ամուսիններ են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր