211652_close_icon
views-count24013 դիտում article-date 17:52 27-09-2021

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին Արթիկում տեղի ունեցավ զոհերի հիշատակն ամփոփող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն. ծաղիկներ խոնարհվեցին անմահացած արթիկցի քաջարի զավակների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին,  լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի մեկ տարին։

Արթիկցի անմահացած հերոսների ծնողները այցելեցին Արթիկի թիվ 8  դպրոց, 1-ին դպրոց, 4-րդ մանկապարտեզ, Տ․ Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն և փառքի սրահներում ծաղիկներ խոնարհեցին իրենց անմահ որդիների հիշատակին, որից հետո նրանք ներկա գտնվեցին զոհերի հիշատակն ամփոփող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաև Շիրակի մարզպետ Հ. Հարությունյանը, Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանը, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հարակից համայնքների ղեկավարներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, համայնքի բնակիչներ:

Խաչքարի հանդիսավոր բացումը կատարեց զոհված եղբայրներ Արտյում և Ռոբերտ Հովհաննիսյանների 9-ամյա եղբայր Արեգը, որից հետո Արթիկի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն Մինասյանի ձեռամբ օրհնվեց հուշահամալիրը, ապա նա ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի, այնուհետև խնկարկում կատարվեց:

Հուշարձանը տեղադրվեց համայնքի պատվավոր բնակիչներ, ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արտուշ Բիչախչյանի և Վաչիկ Սահակյանի հովանավորչությամբ՝ նպատակ ունենալով հավերժացնել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը:

Հուշահամալիրի կառուցման վայրը ևս իր խորհուրդն ունի. Արթիկի զինկոմիսարիատի հարևանությամբ տեղադրված է նաև Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:

Հուշահամալիրի կենտրոնական հատվածը զբաղեցնում է հուշակոթողը, մի կողմում Արթիկի 20 քաջարի զավակների անուններն են, կանաչ հատվածում յուրաքանչյուր զոհվածի անունով մշտադալար ծառատնկիներն են, մյուս կողմում ատամնակուռ պարիսապն է վեր խոյանում:

Հուշաքարի հեղինակը Սամվել Հակոբյանն է, հուշահամալիրի ճարտարապետը՝ Գագիկ Խաչատրյանը:

Քահանա Տեր Սողոմոն Մինասյանն այսպես բացատրեց հուշահամալիրի գաղափարը. «Հուշաքարը կարծես երկնքից երկիր և երկրից երկինք մխրճված ծաղկած գավազան լինի: Գավազանը, ճիշտ է, նեղության, խաչի ճանապարհին խրատի խորհուրդն է, բայց ինքը, թեկուզ ջրված արյան գնով, բայց ծաղկելու է և ծաղկած գավազան լինելով հանդերձ՝ հառնելու ու մխրճվելու է երկնային օթևաններ: Կանաչասաղարթ նորատունկերը փառավոր ընտանիքների նույնքան գեղապատշաճ, լուսադեմ ու վառվռուն աչքերով հայկազունների խորհուրդն են, ովքեր թիկնեղ ու վայելչակազմ Հայկ Նահապետի նման դեմ հանդիման կանգնեցին Հագայից ծնված ավազակաբարո որդիների փոթորկահույզ հողմերին:

Նրանք դարեր շարունակ հանգիստ ու դադար չեն տվել ու չեն էլ տալու մեզ մինչև աշխարհի վախճանը, բայց թեկուզ արյան գնով նահատակվելով, մեր հայրերի հիմքի վրա ամուր կանգնած հայրարմատ գավազան ենք մնալու , ծաղկելու ու հառնելու ենք դեպի երկինք: Մեր տղաները, այս ատամնակուռ պարսպի խորհուրդն են»:

Սրտի խոսքեր ասացին Շիրակի մարզպետ Հ. Հարությունյանը, Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանը, զոհված Նարեկ Գոքորյանի հայրը՝ Ա. Գոքորյանը, ԵՊԸ ուսխորհրդի նախագահ Դ. Ափոյանը և այլոք:

Ոգեկոչման և մեծարման խոսքեր ասացին ԵՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ով մաղթեց ոչ հոռու ապագայում կառուցել ոչ թե հիշատակի խաչքարեր, այլ հաղթանակի հուշարձաններ:

Ելույթի խոսքերից հետո հերոսների հարազատներն ու բարեկամները, զինակից ընկերներն ու ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի աձջև։ Հետայսու անմահ հերոսներն այլևս միասին են՝ իրենց հիշատակին նվիրված հուշահամալիրում:

Հիշենք նրանց անուն առ անուն…
Արամո Թորոսյան, Արման Զքոյան, Արա Մկրտչյան, Բագրատ Կակոյան, Սահակ Վարագյան, եղբայրներ Արտյոմ և Ռոբերտ Հովհաննիսյաններ, Արտակ Գասպարյան, Նարեկ Ֆռանգյան, Վահագն Հաջաթյան, Հայկ Ղազարյան, Մեխակ Տոնոյան, Հովհաննես Թութոյան, Մնացական Ասոյան, Կարեն Հովսեփյան, Նարեկ Գոքորյան, Կարեն Թադևոսյան, Էդգար Տոնականյան, Հրանտ Ֆռանգյան, Հարություն Սուքիասյան:

Հավերժ փա՜ռք և խոնարհու՜մ…

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+

Նմանատիպ նյութեր