211652_close_icon
views-count2688 դիտում article-date 17:14 24-09-2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատարին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:

Ողջույնի խոսքից հետո  ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտեց, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծեց  համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ավարտին մտքեր  փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային  ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:
 

Նմանատիպ նյութեր