211652_close_icon
views-count3237 դիտում article-date 17:13 10-09-2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված, գրավի միջնորդությունը մերժվեց. փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի  պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ դատարանի 3 էջից բաղկացած որոշումն անհիմն է։

«Ծանոթացել եմ որոշմանը, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Ընդամենը 2 պարբերությամբ ասվում է, որ մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի ընթացքին»,-ասաց նա՝ հավելով՝ դատարանը   վկայակոչել է մեղսագրվող արարքի ծանրությանը, ինչը հիմք չէ, տարր է։

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործով բոլոր վկանները, այդ թվում՝ Լուսինե Ավետյանը հարցաքննվել են: Ըստ նրա՝ իմաստ չկա խոսելու գործով անցնող վկաների վրա ազդեցության ռիսկի մասին։ Փաստաբանը վկայակոչեց Եվրոպական դատարանի որոշումներն այն մասին, որ դատաքննության փուլում արդեն այդ ռիսկը նվազում է։

«Խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, նվազել է»,-մանրամասնեց նա։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար:

Նմանատիպ նյութեր